Ամերիկյան Բոինգ ավիաշինական կոնցերնը Քուվեյթին է փոխանցել C-17 Globemaster III բեռնատար ինքնաթիռը։ Քուվեյթի ռազմաօդային ուժերի կազմում այն իրականացնելու է բազմաբնույթ գործառույթներ ինչպես ռազմական, այնպես էլ մարդասիրական։ Այս մասին հայտնում է Jane’s ռազմական հանդեսը։
C-17 Globemaster III բեռնատար ինքնաթիռների գնման պայմանագիրը Քուվեյթը ստորագրել էր դեռևս 2010-ի սեպտեմբերին։ Այն գնահատվում էր 693 միլիոն ամերիկյան դոլար, ինչն իր մեջ ներառում էր նաև օդաչուների և ավիատեխնիկների վերապատրաստումն ԱՄՆ-ում։ Ինքնաթիռը համալրված է AN/AAR-47 համակարգով, որը նախատեսված է ինքնաթիռի ուղղությամբ արձակված հրթիռների մասին ծանուցման համար։
Հայտնի է, որ Քուվեյթը մտադիր է գնել ևս մեկ բեռնատար ինքնաթիռ։ Համապատասխան հայտարարությունն այդ մասին երկրի պաշտպանության նախարարությունը տարածել էր 2013-ի մայիսին։ Ի թիվս այլ երկրների, այդ հայտարարությանն արձագանքել էր նաև ԱՄՆ-ն։ Պենտագոնը հնարավոր գործարքը գնահատել էր 371 միլիոն ամերիկյան դոլար, սակայն առայժմ հայտնի չէ, թե Քուվեյթն ում է պատրաստվում տալ նախապատվությունը երկրորդ ինքնաթիռի գնման հարցում։
Նշենք, որ C-17 Globemaster III բեռնատար ինքնաթիռը կարող է տեղափել ինչպես կենդանի ուժ, այնպես էլ ռազմատեխնիկա, այդ թվում՝ նաև տանկ։ Ինքնաթիռը կարող է զարգացնել 830 կմ/ժ առավելագույն արագություն։ Թռիչքի առաստաղը 13 700 մետր է, առավելագույն հեռավորությունը՝ 10 400 կմ։