Մարդիկ կան մեր անկախության տարիքին են, ես էլ՝ մեր բանակի. կուրսանտ Գրիգորյան

Ռազմինֆոն ՀՀ ԶՈւ կազմավորման 22-ամյակի առթիվ շարունակում է ներկայացնել 22 տարեկան ապագա սպաների հետ հարցազրույցներ: Այսօրվա մեր զրուցակիցը կուրսանտ, մասնագիտությամբ կապավոր Արտաշես Գրիգորյանն է։

Կուրսանտ Արտաշես Գրիգորյան

Կուրսանտ Արտաշես Գրիգորյան

Կուրսանտ Գրիգորյանը սովորում է ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում։ Ավարտել է ռուս-հայկական Սլավոնական համալսարանի ֆիզիկատեխնիկական ֆակուլտետի հեռահաղորդակցություն բաժինը։ Քանի որ ունի մասնագիտություն, իր ուսումը մեկ տարի է։

Ձեր ներկայիս մասնագիտությունը կարծես նախորդ մասնագիտության շարունակությունը  լինի, այդպե՞ս է։

Այո, այնպիսի տպավորություն է,  կարծես մագիստրատուրայում լինեմ։ Մասնագիտությանս շարունակությունն է լրիվ, չնայած արդեն ռազմական չափանիշներով։

Ավելի վաղ տարիքում զինվորական ուղին ընտրելու ցանկություն կա՞ր։

Փոքր ժամանակ բոլոր տղաներն էլ սիրում են զենք, զինվորականություն։ Հետո մեծանում են ու խուսափում բանակից։ Ինձ մոտ երազանք չէր դա։ Երբ ընդունվեցի բուհ, անվճար էի ու տարկետում ունեի։ Այնուհետև իմացա ավիացիոն ինստիտուտի մասին ու որոշեցի դիմել։ Այստեղ ոչ միայն զինվորական պարտադիր ծառայություն է, այլ նաև սպա ենք դառնում՝մասնագիտություն ձեռք բերում։ Հա´մ աշխատատեղ է,  հա´մ էլ ծառայություն։

Ընտանիքում ինչպե՞ս արձագանքեցին։

Հայրս կողմ էր, ասում էր՝ այդպես թե´ քեզ, թե´ մեր բանակին լավ ապագա է սպասվում։ Ես էլ  որոշեցի, որ այս տարբերակն ամենահարմարն է։

Ասում են՝ սպան առաջնորդի հատկանիշներ պետք է ունենա, խումբ ղեկավարելու կարողություն։ Դուք ունե՞ք այդպիսի հատկանիշ։

Կարծում եմ՝ դա բոլորի մեջ էլ կա։ Սպան արդեն որպես առաջնորդ է գնում։ Այս պահին դժվարանում եմ ասել  արդյոք առաջնորդ եմ, թե՝ ոչ։ Կազմակերպչական ջիղ կա, բայց մինչև չանցնես բուն ծառայության պարզ չի լինի։ Այստեղ դեռ մենք ենք զինվորի դերում։

Մինչև այս պահը հանդիպած ամենամեծ դժվարությունը ո՞րն էր։

Առաջինը՝ քաղաքացիական կյանքից զինվորական կյանքի անցումն էր։ Հետագայում երբ սովորում ես, հունի մեջ ես ընկնում։ Էլի ինչ-որ բարդություններ լինում են, բայց ամենադժվարը հենց սկիզբն է։

Ի՞նչ զգացողություն ունեցաք, երբ Ձեզ արդեն համազգեստ տվեցին։

Երբ եկել էինք,անընդհատ ասում էինք՝ բա մեզ ե՞րբ եք համազգեստ տալու։ Սկզբում էր շատ անսովոր, հետո դարձավ մեր սովորական հագուստը։ Հպարտություն կա, որ դու դրա կրողն ես։ Դրսում երբ քո համազգեստով ես, բոլորի ուշադրությունը քեզ վրա է, անտարբեր չեն անցնում, կարծես իրենց ծառայող հարազատների կարոտն են առնում։ Դրսում ավելի կոկիկ ենք լինում, ձգված, որ թե´ մեր պատիվը, թե´ բանակի պատիվը բարձր պահենք։

Ի՞նչ եք պատրաստվում տալ բանակին և ի՞նչ եք ակնկալում վերցնում այդտեղից։

Մենք մեր ժամանակն ու երիտասարդ կյանքն ենք տալիս բանակին, մեր ծառայությամբ հայրենիքի սահմաններն ենք պաշտպանում՝ հասկանալով, որ մեր հայրենիքն էլ շատ-շատ բաներ է տալու։

Երբևէ մտածե՞լ եք, թե ով եք Դուք բանակի համար։

Մի փոքրիկ մասնիկ, որոնց հիմքի վրա բանակը մի հզոր կառույց է դարձել։

Դուք և մեր զինուժը 22 տարեկան եք։ Զգացողությունների մասին կպատմե՞ք։

Երբեք չեմ մտածել դրա մասին։ Մարդիկ կան մեր անկախության տարիքին են, ես էլ՝ մեր բանակի։ Այնպես է ստացվել, որ ես էլ դարձել եմ զինծառայող ու հնարավոր է բանակի հետ այնքան մեծանանք մինչև խոր ծերություն։

Մեկ այլ բան է պարտադիր զինվորական ծառայությունը, մեկ այլ բան, երբ մի ողջ կյանք եք նվիրում ռազմական ոլորտին։ Հոգեբանորեն պատրա՞ստ եք դրան։

Հոգեբանական խնդիրն առաջին մի քանի ամսվա ընթացքում է լինում։ Դրսից գալիս ես, մտնում այս համակարգ ու մտածում, թե ինչիս էր պետք։ Հետո ժամանակ է անցնում ու հասկանում ես, որ այստեղ էլ վատ չէ։ Դրանից հետո արդեն ինքդ ես որոշում մնալ, թե չշարունակել։

Ձեզ հետ այս տարվանից սովորում ու ծառայում են աղջիկ կուրսանտներ։ Ինչոր բան փոխվե՞լ է։

Ե´վ լավ է, և´ վատ։ Լավ է, որովհետև կարծես ուսանող լինենք քաղաքացիական բուհում։ Վատն էլ այն է, որ տղա ենք, իրենք մեզ չեն կարող հասկանալ ինչ-որ դեպքերում, վրիպումներ են լինում, բայց հիմա զսպվածությունը, ձգվածությունը փորձում ենք պահել։ Մնացած դեպքերում լավ է (ժպտում է)

Կանայք ժամկետային ծառայության պիտի՞ գնան։

Չէ, բայց եթե ուզում են, ցանկություն ունեն, կարող են գնալ։ Շատ կանայք կան, որ ուզում են զինծառայությամբ զբաղվել։ Այս տարվանից հետո երևի ավելի շատ կլինեն դիմորդները։

Ի՞նչ կմաղթեք բանակին։

Կցանկանամ, որ ինչ ունենք ավելի հզորանա։ Աստված տա, որ մեր երկիրն ու բանակն այնքան հզորանա, որ ոչ թե ուրիշից զենք բերի, այլ ինքն արտադրի, քանի որ մենք այդ ուղեղներն ունենք։ Դա մեզ ավելի շատ կհզորացնի։

Հարցազրույցը՝ Հասմիկ Մելիքսեթյանի 

Նկարը՝ Սոսե Մուրադյանի 

Հատուկ շնորհակալություն ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հրամանատարությանը` շարքի պատրաստմանն աջակցելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *