ԱՄՆ Կոնգրեսը թույլատրել է սպառազինել Ուզբեկստանը

ԱՄՆ Կոնգրեսը թույլատրել է Պետդեպարտամենտին՝ ռազմական օգնություն հատկացնել Ուզբեկստանին, չնայած որ վերջինս զգալի բացթողումներ ունի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Ուզբեկստանին մատակարարվող սպառազինությունը կրելու է հակաահաբեկչական բնույթ։ Այս մասին հաղորդում էEurasianet.org  տեղեկատվական կայքը։

Ակնկալվում է, որ Ուզբեկստանին հատկացվող սպառազինությունն իր մեջ ներառելու է գիշերային տեսանելիության սարքեր, անհատական պաշտպանության միջոցներ (զրահաբաճկոն, սաղավարտ և այլն) և GPS նավիգացիոն համակարգեր։ ԱՄՆ-ն շահագրգռված է Ուզբեկստանում անվտանգության աստիճանի բարձրացմամբ, քանի որ այս երկրի տարածքով են իրականացվում Աֆղանստանում տեղակայված ամերիկյան զորքերի մատակարարումները։

Վերոնշյալ սպառազինությունից բացի, Միացյալ Նահանգները Ուզբեկստանին կհատկացնեն նաև անօդաչու թռչող սարքեր՝ դիտորդական գործառույթների իրականացման համար։ Ուզբեկստանն ԱՄՆ-ից հայցել է նաև զրահամեքենաներ, սակայն դրանց տրամադրման մասին առայժմ ստույգ տեղեկություններ չկան։

Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսը Ուզբեկստանին հատկացվող ռազմական օգնության վրա արգելք է դրել 2004-ին, ինչի պատճառն այդ երկրում ժողովրդավարական բարեփոխումների տապալումն էր։ Այս արգելքը շարունակում է ուժի մեջ մնալ նաև այսօր, սակայն երկու տարի առաջ Կոնգրեսը՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի դիմումի հիման վրա հանեց այդ սահմանափակումները վեց ամիս ժամկետով։ Այսուհետ ևս, յուրաքանչյուր վեց ամիսը մեկ Կոնգրեսը պետք է հանի Ուզբեկստանին ցուցաբերվող ռազմական օգնության սահմանափակումը։

ԱՄՆ նախագահի աշխատակազմի դիմումը հիմնավորվում էր նրանով, որ սպառազինության որոշ տեսակների տրամադրումը Ուզբեկստանին բխում է Միացյալ Նահանգների շահերից և անմիջականորեն կապված է այդ երկրի ազգային անվտանգության հետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *