Անկարայում անցկացվել է Թուրքիայի, Աֆղանստանի և Պակիստանի միջև ութերորդ եռակողմ հանդիպումը, որի շրջանակներում հանդիպել են նաև այդ երկրների պաշտպանական գերատեսչությունների և զինված ուժերի ներկայացուցիչները։
Մասնավորապես, հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը, Աֆղանստանի պաշտպանության նախարար Բիսմիլլահ Մուհամմեդին ու Պակիստանի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Ռահել Շարիֆը։
Հանդիպումն անցկացվել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբում փետրվարի 13-ին։
Կողմերը քննարկել են ռազմական համագործակցության վերաբերյալ հարցեր։ Հանդիպումից այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Նշենք, որ Թուրքիան վերջին տարիներին փորձում է խորացնել հարաբերություններն Աֆղանստանի և Պակիստանի հետ, այդ թվում՝ նաև ռազմական ոլորտում։