Լեհաստանը 300 թեթև տանկերի կարիք ունի

Լեհաստանը ցանկանում է գնել շուրջ 300 նոր թեթև տանկեր, որոնց քաշը չպիտի գերազանցի 35 տոննան։ Այս տանկերը կփոխարինեն լեհական զինված ուժերի սպառազինությունում առկա Տ-72 տանկերը։

Լեհաստանի պաշտպանության նախարարության սպառազինության տեսչությունն արդեն տանկերի գնման մրցույթ է հայտարարել։ Ըստ DefenceNews.com կայքի՝ մրցույթում հաղթող ընկերությունն ու Լեհաստանի պաշտպանության նախարարությունը 2 ամսվա ընթացքում կհստակեցնեն տանկի պահանջվող տեխնիկական տվյալները։ Իսկ նոր տանկի առաջին նախատիպը Լեհաստանի զինված ուժերին կտրամադրի 2016 թվականին։

 

Խորհրդային Տ-72 տանկի լեհական PT-72U արդիականացումը։

Մրցույթով լեհական կողմը նախատեսում է գնել ոչ միայն տանկեր, այլև թրթուռավոր հետևակի մարտական մեքենաներ (ՀՄՄ)։ Ընդ որում՝ ՀՄՄ-ները պիտի լինեն ինչպես կրակային, այնպես էլ տեխնիկական (քարշակ, նորոգման, տարհանման) արդիականացումների։

Լեհաստանին տանկեր ու ՀՄՄ-ներ առաջարկելու համար մրցույթին արդեն հայտ են ներկայացրել 17 լեհական ու արտասահմանյան ընկերություններ, որոնցից առավել հայտնի են բրիտանական BAE Systems, ֆրանսիական Nexter, գերմանական Rheinmetall ու շվեդական Saab ընկերությունները, ինչպես նաև գերմանական Rheinnmetall ու Krauss-Maffei Wegmann ընկերությունների համատեղ ձեռնարկությունը։ Լեհաստանից մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել մի շարք արտադրողներ, որոնցից թվում նաև Huta Stalowa Wola ընկերությունը։

Նշենք, որ ըստ Millitary Balance-ի՝ Լեհաստանի սպառազինությունում 2012-ի դրությամբ կար տարբեր արդիականացումների 128 միավոր Leopard-2, 232 միավոր PT-91 Twardy (խորհրդային Տ-72-ի լեհական արդիականացում) ու 584 միավոր Տ-72 տանկեր։ Տ-72 տանկերի արտադրության արտոնագիրը Լեհաստանը ձեռք էր բերել դեռևս խորհրդային տարիներին ԽՍՀՄ-ից։ 2013-ի նոյեմբերին էլ հայտնի դարձավ, որ Լեհաստանը Գերմանիայից գնում է 119 միավոր Leopard-2 օգտագործած տանկեր, որոնց մի մասը ներկայումս արդեն հասել է Լեհաստանին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *