Բոինգ ընկերությունը պատրաստվում է մինչ 2015 թվականն ավարտել Թուրքիային վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերի (AEW&C) հանձնումը։ Այս մասին ամերիկյան ընկերությունը տեղեկացրել է մամուլի հաղորդագրությամբ։
Օրերս Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերը երկար ձգձգումներից հետո ստացել էին առաջին ինքնաթիռը, իսկ մնացած երեք, դատելով Բոինգի հաղորդագրությունից, թուրքերին է փոխանցվելու մինչ 2015 թվականը։
«Խաղաղության արծիվ» անունը ստացած ծրագրով Թուրքիան իր առաջին AEW&C ինքնաթիռը ստանալու է 2014 թվականի փերտվարի 21-ին Քոնիայի երրորդ ավիաբազայում։
Նշենք, որ Բոինգի և Թուրքիայի միջև համապատասխան ինքնաթիռներ ձեռք բերելու պայմանագիրը ստորագրվել էր 2002 թվականին, իսկ գործարքի արժեքը կազմել էր շուրջ 1,6 մլրդ ԱՄՆ դոլար։ Նախատեսվում էր ինքնաթիռները տրամադրել դեռևս 2008 թվականին, սակայն ամերիկյան կողմը մի քանի տարի ուշացրել է դրանց փոխանցումը, ինչի համար էլ կարող է տուգանքներ է վճարել, ըստ տարբեր տվյալների՝ մինչև 500 մլն ամերիկյան դոլար։
Թուրքական AEW&C-ները կառուցվել են Boeing 737-700 ուղևորատար ինքնաթիռի հիմքի վրա։ Առավելագույն արագությունը 850 կմ/ժ է, թռիչքի հեռավորությունը՝ 7 000 կմ, իսկ օդում կարող է մնալ մինչև 10 ժամ։