Լեհաստանը կստանա 119 միավոր գերմանական օգտագործված տանկեր

Լեհաստանի ու Գերմանիայի պաշտպանության նախարարները կնքեցին գերմանական զինված ուժերի 119 միավոր Լեոպարդ-2 տանկեր լեհական զինված ուժերին փոխանցելու պայմանագիրը։

Լեոպարդ 2Ա4 տանկը

Լեոպարդ 2Ա4 տանկը

Պայմանագրի համաձայն` լեհական կողմին կփոխանցվեն 105 միավոր Լեոպարդ-2Ա5 ու 14 միավոր Լեոպարդ-2Ա4, որոնք նախկինում օգտագործվել են գերմանական զինված ուժերի կողմից։ Բացի հիմնական մարտական տանկերից, պայմանագիրը ներառում է նաև կից սարքավորումները, ռադիոտեղորոշման համակարգերը, տեղափոխող մեքենաներն ու գնդացիրներ։ Պայմանագրի արժեքը շուրջ 244 մլն ԱՄՆ դոլար է։

Լեհաստանի պաշտպանության նախարարի հավաստմամբ գնված տանկերը արդիականացման կարիք չունեն ու չեն էլ ունենա առաջիկա մի քանի տարիների ընթացքում: Լեհական կողմը նախատեսում է ցամաքային զորքերի զրահատանկային ուժերում «առաջին ջութակի» դերը տալ հենց Լեոպարդ-2 տանկերին։

Ներկայումս լեհական զինված ուժերում կա 128 միավոր Լեոպարդ-2Ա4, որոնցից 12-ն օգտագործվում է ուսումնական նպատակներով։ Բացի այդ, լեհական սպառազինության մեջ կան նաև 232 միավոր լեհական PT-91 Twardy (Թվորդի) ու 584 միավոր խորհրդային Տ-72 տանկեր, որոնց մի մասը նախատեսվում է առաջիկա տարիներին հանել սպառազինությունից, իսկ մնացածն էլ արդիականացնել:

Հիշեցնենք, որ դեռևս ընթացիկ տարվա հոկտեմբերին նշվում էր, որ Լեհաստանը ձեռք է բերելու 116 Լեոպարդ տանկեր Գերմանիայից։

Նշենք նաև, որ հոկտեմբերին Լեհաստանի զինված ուժերն իր սպառազինության Լեոպարդ-2Ա4 տանկերի արդիականացման մրցույթ էր հայտարարել։ Ըստ մրցույթի պայմանների՝ տանկերը պիտի հասցվեին Լեոպարդ-2ՊԼ մակարդակի։ Սակայն «2ՊԼ» մակարդակի մանրամասները չեն հայտնվել։ Նախատեսվում է, որ արդիականացված տանկերը 2014-ին կհանձնվեն զինված ուժերին, իսկ ծրագիրը կավարտվի 2019-ին։ Տանկերի արդիականացման վրա Լեհաստանը նախատեսում է ծախսել շուրջ 650 մլն ԱՄՆ դոլար։

Լեոպարդ-2 տանկերը նախագծվել են Գերմանիայում ու արտադրվում են 1979-ից։ Տանկի սպառազինության մեջ մտնում են 120 մմ հարթափող թնդանոթն ու մեկական թնդանոթին կցված ու զենիթային 7,62 մմ գնդացիրները։ Անձնակազմի քանակը 4 հոգի է։ Տանկի առավելագույն արագությունը շուրջ 70 կմ/ժ է, շարժիչի հզորությունը՝ 1500 ձիաուժ։ Ներկայումս Լեոպարդ-2 տանկերով զինված են աշխարհի 17 պետությունների զինված ուժեր։ Տանկի մեկ միավորի գինը շուրջ 5,7 մլն ԱՄՆ դոլար է։

One response to “Լեհաստանը կստանա 119 միավոր գերմանական օգտագործված տանկեր

  1. Pingback: Լեհաստանը Գերմանիայից ստացավ Լեոպարդ տանկերի առաջին խմբաքանակը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *