Վենեսուելայի՝ ՌԴ-ից գնած Մի-35Մ2 ուղղաթիռներն արդեն վերանորոգման կարիք ունեն

Ռուսաստանյան Մի-35-երի առաջին պատվիրատու Վենեսուելան օրերս հայտարարել է իր ուղղաթիռների վերանորոգման անհրաժեշտության մասին, բացի այդ ավելի վաղ հայտնի էր դարձել՝ Վենեսուելայի Մի-35Մ2-երը տեխնիկական թերացումներ ունեն։

Նկատենք, որ վերջերս՝ 2014-ի հունվարի 21-ին, Ռուսաստանն ավարտեց ադրբեջանական կողմին 24 միավոր Մի-35 ուղղաթիռների տրամադրումը, որոնց վերաբերյալ պայմանագիրը կնքվել էր դեռևս 2010-ի դեկտեմբերին։

Վենեսուելային տրամադրած Մի-35Մ2 ուղղաթիռ

Վենեսուելային տրամադրած Մի-35Մ2 ուղղաթիռ

Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ Վենեսուելայի Մի-35-երի շահագործման պատրաստվածության աստիճանն ի սկզբանե ցածր է եղել։ Տեխնիկական մի շարք թերացումների պատճառով 2013-ի գարնանը Վենեսուելան շահագործումից դուրս է բերել բոլոր Մի-35-երը. դրանց մեծ մասը տևական ժամանակ է, ինչ Վենեսուելայի օդուժի Generalísimo Francisco de Miranda գլխավոր ավիակայանում են։

Երբ վերանորոգման համաձայնագիրը կնքվել է, դրանք տեղափոխվել են Արագուայի El Libertador ավիակայան, այնտեղից էլ ռուսական բեռնատար Ան-124 ինքնաթիռների օգնությամբ հասցվել են Դոնի Ռոստով վերանորոգման։

Ըստ վենեսուելական Infodefensa լրատվակայքի՝ Մի-35Մ2 ուղղաթիռները պետք է ամեն թռիչքային հազար ժամից հետո տեխնիկական սպասարկում և որոշակի վերանորոգում անցնեն, իսկ նշված ժամաքանակը սպառվում է 6 կամ պակաս տարիների ընթացքում։

Նշենք, որ ՌԴ-ն վենեսուելական ուղղաթիռների վերանորոգելու պարտավորությունը ստանձնել էր դեռևս 2005-ին «Ռոսօբորոնէքսպորտի» և վենեսուելական պետական արտահանող ու ներմուծող Venxinca ընկերության միջև կնքված պայմանագրով, ինչը, բացի գնման արձանագրումից, ենթադրում էր՝ ռուսական կողմը պետք է անհրաժեշտության դեպքում զբաղվի տեխնիկական սպասարկմամբ ու վերանորոգմամբ։

Այս պահի դրությամբ հայտնի չէ նախատեսված աշխատանքների արժեքը։ Միայն հրապարակվել է, որ Վենեսուելայի 2014-ի ռազմական բյուջեից 230 մլն ԱՄՆ դոլարը ծախսվելու է ռազմական ավիացիայի վերանորոգման նպատակով, ուստի այդ գումարն ընդգրկում է նաև Մի-35Մ2-ների վերանորոգման ծախսը։

Հիշեցնենք, որ 2005-ին կնքված պայմանագրի համաձայն՝ 3 միավոր Մի-35Մ2 տրամադրվել է 2005-ին, մեկը՝ 2006-ին, 6-ը՝ 2007-ին։

Կարևոր է նշել, որ «Վերտալյոտի Ռոսսիի» հոլդինգն ավարտել էր Ադրբեջանին Մի-35Մ ուղղաթիռների տրամադրման գործընթացը. վերջին խմբաքանակը պատվիրատուին փոխանցել են հունվարի 21-ին Բաքվի օդանավակայանում։

Մի-35Մ ուղղաթիռների գնման պայմանագիրը ստորագրվել էր 2010-ի դեկտեմբերին, իսկ ուղղաթիռները սկսել էին մատակարարել 2011-ի դեկտեմբերից` ընդհանուր առմամբ 24 միավոր։ Դրանք ամենայն հավանականությամբ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության համար են։

Մի-35Մ ուղղաթիռը  Մի-24 ուղղաթիռի արդիականացումներից մեկն է։ 35Մ ինդեքսն իրականում տրվել է գովազդային նպատակներով. ուղղաթիռի «ոչ գովազդային» ինդեքսը 24ՎՄ է։

Բազային ուղղաթիռի համեմատ նորացվել են ռադիոէլեկտրոնային սարքավորումները, բարելավվել է մանևրունակությունը և որոշ չափով  ընդլայնվել են ուղղաթիռի կրակային հնարավորությունները։ Բացի այդ, Մի-35Մ-ը ստացել է Մի-28-ի ղեկային պտուտակներ, իսկ շասսին թռիչքի ընթացքում չի հեռացվում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *