Մեր հողն ու ջուրը, այդ 42 000 քկմ-ը մինչև վերջ պետք է կյանքի գնով պահպանենք։ Սրանք կրտսեր սերժանտ Վարդան Առաքելյանի խոսքերն են։ Վարդանն ազատամարտիկների ընտանիքից է, ու այսօրվա 22-ամյա զինված ուժերը նաև իր հարազատների աշխատանքի արդյունքն է։
Կրտսեր սերժանտը սովորում է ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում։
—Ինչպե՞ս որոշեցիք զինվորական դառնալ։
Եթե ասեմ, որ դեռ մանկուց զինվորական դառնալու մասին եմ երազել, ապա սխալ կլինի։ Բայց ընտանիքում հայրս, հորեղբայրս մասնակցել են Արցախյան պատերազմին: Լսելով այդ պատմությունները` ոգևորվում էի։ Սկզբում 2 տարի սովորել եմ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, հետո հասկացա, որ մասնագիտության հարցում սխալ եմ եղել։ Որոշեցի օդաչու դառնալ, հետո զգացի, թե ինչքան դժվար ու ինչքան մեծ պատասխանատվություն է պահանջում ու փոխեցի հակաօդային պաշտպանություն մասնագիտությունս։ Հիմա փոքր և միջին զենիթահրթիռային համալիրների մասնագետ եմ դառնալու։
—Արցախյան պատերազմից ի՞նչ են պատմել Ձեր ընտանիքում։
Ընտանիքից հայրիկս, երկու հորեղբայրներս, պապիկս բոլորը մասնակցել են։ Հենց մեր գյուղում՝ Արարարատի մարզի Բուրաստանում, ջոկատ են հավաքել ու մասնակցել կռիվներին։ Այդ պատմությունները, իրենց օրինակները կամաց-կամաց նստվածք տվեցին։
—Դժվարությունների մասին կխոսե՞ք։
Ես այն տարիքում եմ ընդունվել այստեղ, որ համեմատաբար շատ բան էի հասկանում ու գիտակցում։ Երբ եկա, արդեն 19 տարեկան էի։ Մի բան էի պարզ գիտակցում, որ եթե եկել եմ, եկել եմ ծառայելու համար, այլ ոչ թե ժամանակ սպանելու կամ օրեր գլորելու համար։ Եթե իմ հրամանատարներից մի բան էլ սովորեմ, ես շահած կլինեմ։ Այստեղ ու զորքերում ծառայությունը շատ տարբեր է, դրա համար պետք է հնարավորինս շատ բան սովորես։
—ՀՕՊ միջոցներից ինչ”որ բան օգտագործել եք, տիրապետո՞ւմ եք։
Իրականում` դեռ ոչ։ Այս տարի դաշտային ելք ունենք, կգնանք զորավարժարան ու կօգտագործենք։
—Շատերն ասում են՝ «Ո՞ւմ համար ծառայեմ»։ Այդպիսի բան երբևէ մտածե՞լ եք։
Ես առաջինը ծառայում եմ իմ ընտանիքի համար, որովհետև կյանքում իրենցից թանկ բան չունեմ, և երկրորդ՝ հայրենիքի համար։ Եթե չլինեմ ես, չլինի մյուսը, չենք ունենա սահմանները պաշտպանող։ Մենք աշխարհագրական այնպիսի դիրքում ենք, որ մեր հարևան 4 պետությունները մեր հակառակորդներն են։ Մեզ ամեն օր վտանգ է սպառնում ու այս ամեն ինչը հաշվի առնելով, ավելի լուրջ պետք է նայենք մեր գործին։ Իսկ եթե մարդիկ մտածում են, թե ում համար պետք է ծառայեն, ես կասեմ, որ իրենց այստեղ գալն անիմաստ է։ Նրանք խնդիր կստեղծեն ոչ միայն իրենց համար, այլ նաև՝ անձնակազմի։ Այսօրվա դրությամբ հասկացել եմ մի բան, որ մենք գործ ենք ունենալու ոչ միայն զինտեխնիկայի հետ, այլ նաև մարդկային կյանքների, որն այսօր ամենաանգինն է։ Իսկ երբ դեպքեր են լինում, ու ծնողը գալիս սպային ասում է՝ «Ո՞ւր է իմ տղան, հետ վերադարձրու», դրանից ավելի ահավոր բան չկա։ Ոչ մի սպայի չեմ ցանկանա, որ նման իրավիճակում հայտնվի։ Եթե սպան այդ ամեն ինչին մատերի արանքով է նայում, լուրջ չի վերաբերում, հանգեցնում է նրան, որ չեն կարողանում պահպանել անվտանգության կանոններն ու դժբախտ դեպքեր են առաջացնում։
—Արդյո՞ք կա այն գիտակցումը, որ Դուք շարունակում եք Ձեր ազատամարտիկ բարեկամների գործն ու ինչ”որ տեղ պարտք եք վերադարձնում Ձեր ծնողներին Ձեր 22-ամյա կյանքի համար։
Հենց այդպես էլ կա։ Ես հպարտանում եմ իմ ծնողներով, որ ես ամեն ինչին հասել եմ իրենց շնորհիվ։ Ես շնորհակալ եմ Աստծուն, որ հենց այդ ընտանիքում եմ մեծացել։ Ու ինձնից լավ ոչ ոք իմ ընտանիքին չի կարող պաշտպանել։ Ես ամեն ինչին լուրջ եմ մոտենում ու ոչ մի բանից չեմ խուսափելու։
—Թշնամու կերպարն ինչպիսի՞ն է Ձեզ մոտ։
Շատ վատը։ Որպես սրբություն ունեցող ազգ ես նրանց չեմ ճանաչում։ Մենք խաղաղ ազգ ենք, իսկ երբ նրանք մեր ոտքը տրորում են, պետք է պատասխանել։
—Տղաներին բանակ ճանապարհելիս շատ են ասում, որ «Գնաս բանակ՝ տղամարդ կդառնաս»։ Դուք ինքներդ Ձեր մաշկի վրա զգացի՞ք տղայից տղամարդու անցումը ծառայության ընթացում։
Սրանք ուղղակի խոսքեր չեն։ Երբ գալիս ես այստեղ ու ռեժիմով, օրակարգով ես ապրում, շատ ավելի ես հասունանում։ Որ ընդունվել էինք ինստիտուտ, շատ էինք տարբեր, հետո երբ անցնում են տարիները, նկատում եմ, որ ծառայությունը շատ է փոխել մեզ։ Տղամարդ չեն դառնում, տղամարդ ծնվում են, ուղղակի դաստիարակությունը շատ կարևոր է, շատերը վախենում են։ Եթե մարդու մեջ վախի գործոնը գլուխ բարձրացնի, նա կարող է հակառակորդի հարձակումից վախենա ու թողնի իր զինտեխնիկան։ Բայց պետք է հասկանան, որ եթե հանկարծ թողեցին իրենց զինտեխնիկան, թիկունքում իրենց և մյուսների ընտանիքներն են արդեն։ Դրա համար վախին չպետք է տրվել։
—Վախը շատ անկառավարելի է, ու շատ ժամանակ չես էլ զգում, թե ինչու ես վախենում։ Ի՞նչ պիտի անի սպան, որ կարողանա զինծառայողներին հոգեբանորեն ճիշտ պատրաստի ծառայության։
Յուրաքանչյուր զինծառայող տարբեր ընտանիքի դաստիարակություն է կրում։ Մեծամասնությունը ոչ թե գալիս է արդեն խնդիրներով, այլ հենց բանակում են առաջանում այդ խնդիրները՝ծառայությանը հարմարվելու հետ կապված։ Չեմ ասի, թե մեզ մոտ չկա իշխել-չիշխելու խնդիր, բայց մենք ապագա սպաներ ենք ու պարտավոր ենք բոլորին հավասար պայմաններ տալ։ Մարդ, եթե ճնշված է, ապա կարող է ամեն քայլի էլ դիմել։ Պետք է այդպիսի մարդկանց հետ շատ աշխատենք ու օգնենք։ Շատ հաճախ ասում են, որ եթե մարդը ինքնասպանություն է գործում, ապա շատ ուժեղ հոգեկան աշխարհ ունեցող մարդ էր, բայց ինձ համար այդպես չէ։ Ես չեմ ասի, որ ուժեղ եմ, բայց իմ խնդիրները փորձում եմ շտկել, իմ մտքով չի անցնի իմ խնդիրների պատճառով ինքս ինձ վնաս տալ։ Եթե մարդ ուժեղ է, ապա կգտնի ճանապարհ իր հարցերը լուծելու համար։ Մեր մասին մտածող կա, ու մենք իրավունք չունենք մեր ծնողների արցունքների պատճառը դառնալ։
—Ուսումն ավարտելուց հետո որտե՞ղ կուզենայիք ծառայել։
Մեր ծառայությունն այսպես է՝ 4 տարի ուսումնառություն և 16 տարի զինծառայություն։ Ես որոշել եմ ծառայել Արցախում գոնե սկզբնական տարիներին, չնայած երբեք չեմ եղել այնտեղ։ Արցախում ավելի դժվար է, ամեն պահի վտանգ կա, ու ես ուզում եմ այնտեղ լինել։ Եթե կարողացար քեզ տիրապետել այդ իրավիճակներում, ապա մյուս զորամասերում կարող ես հանգիստ ծառայել։ Ես սահմանում շատ բան կարող եմ սովորել ու հետագայում իմ ծառայության մեջ կիրառել։
—Նշանաբան ունե՞ք։
Ես առաջնահերթ մտածում եմ, որ իմ անձնակազմի համար լինեմ լավ օրինակ։ Կարողանամ տալ այն ամեն ինչը, ինչ այստեղ ինձ են սովորեցնում։ Եթե ասեմ նշանաբան, դեռ չունեմ այդպիսին։ Ասում են՝ «Էլ ինչ սպա, որ չի ձգտում գեներալի»։ Ես էլ հուսով եմ, որ մի օր կհասնեմ դրան։
—Ի՞նչ խորհուրդ եք ստացել Ձեր հորից, քանի որ այսօրվա բանակը նաև իր ստեղծած բանակն է։
Միանշանակ այդպես է։ Այսօրվա բանակի կազմավորման գործում իմ հայրն էլ իր դերն է ունեցել։ Առաջնահերթ հիշում եմ հայրիկիս խոսքերը՝առաջնային մա´րդ եղիր։ Մենք փախչելու տեղ չունենք։ Մեր հողն ու ջուրը, այդ 42 000 քկմ-ը մինչև վերջ պետք է կյանքի գնով պահպանենք։
Զրուցեց՝ Հասմիկ Մելիքսեթյանը
Նկարները՝ Սոսե Մուրադյանի
Հատուկ շնորհակալություն ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հրամանատարությանը` շարքի պատրաստմանն աջակցելու համար:
One response to “Գործ ունենք ոչ միայն զինտեխնիկայի, այլև մարդկային կյանքերի հետ. կրտսեր սերժանտ Առաքելյան”