2014-ի հունվարի 31-ին ձերբակալվել է ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության գնդապետ, Երևանի բնակիչ 60-ամյա Խաչիկ Եղիշի Մարտիրոսյանը՝ Ադրբեջանին ռազմական բնույթի տեղեկություններ փոխանցելու մեղադրանքով։
Համաձայն ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայության տվյալների՝ Հայաստանի ԱԱԾ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ, որոնք վկայում են՝ Մարտիրոսյանը, ֆինանսական օժանդակություն ստանալու ակնկալիքով 2013-ի. օգոստոսին սեփական նախաձեռնությամբ դիմել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանություն, կապ հաստատել դեսպանության քողի տակ գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ՝ առաջարկելով իր օգնությունը:
Մարտիրոսյանն Ադրբեջանի հատուկ ծառայություններից ստացել է ռազմական բնույթի տեղեկություններ ձեռք բերելու առաջադրանքներ, ապա դրանք կատարելու նպատակով ձեռնարկել է գործուն քայլեր: Իր կողմից ձեռք բերված տեղեկությունները նա մտադրվել է փոխանցել ադրբեջանցիներին, ինչը սակայն, կասեցվել է ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից:
Հավելենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում Խաչիկ Մարտիրոսյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական Օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: