Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոսել է առաջնագծի լարված իրավիճակից

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը փետրվարի 4-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ժակ Ֆորային (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկին:

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբին

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբին

Թերևս իր պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ պաշտոնական հանդիպմանը Զաքիր Հասանովը դժգոհություն է հայտնել միջազգային կազմակերպություններից՝ շեշտելով, որ վերջիններս «անգործություն» են ցուցաբերում Արցախյան հիմնախնդրում, նրանց գործողությունները «ոչ մի արդյունք չեն գրանցում»:

Նկատենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբից, ինչպես և միջազգային կազմակերպություններից սուր դժգոհությունները և ուղիղ ասված քննադատությունները հատուկ էին նախկին նախարար Սաֆար Աբիևին:

Հավատարիմ մնալով պաշտոնավարման սկզբից որդեգրած համեմատաբար մեղմ դիրքորոշմանը՝ Հասանովը համանախագահների հետ հանդիպմանը չի ընդգծել «պատերազմի օգնությամբ հողեր գրավելու» հանգամանքը, այլ հավաստիացրել է. «ադրբեջանցիները կողմ են հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծմանը»:

Նախարարն առաջնագծում առկա լարվածության ողջ մեղքը բարդել է հայկական կողմի ուսերին, մինչդեռ հիշեցնենք, որ շփման գծում և սահմանին իրավիճակը սրվել էր հունվարի 19-ին ադրբեջանական ձախողված դիվերսիայից հետո և ադրբեջանական կողմի՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով:

Հավելենք, որ հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադիգովը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *