Հունվարի 28-ին Ադրբեջանի սահմանն անցել ու գերի էր ընկել Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 77-ամյա բնակիչ, հոգեկան խանգարումներ ունեցող ” href=”http://razm.info/30413″ target=”_blank”>Մամիկոն Խոջոյանը։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները փետրվարի 3-ին տեսակցել են Խոջոյանին՝ փոխանցելով թոռան նամակը։
Ռազմինֆոյի հետ զրույցում ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին հաստատել է տեղեկությունը՝ հավելելով, որ ընտանեկան բովանդակության նամակների փոխանցումը կատարվել է համապատասխան ԿԽՄԿ ընթացակարգի։
Ռազմինֆոյի այն հարցին, թե արդյոք ադրբեջանական որոշ լրատվակայքերի հաղորդած լուրը Խոջոյանին բռնության և ծեծի ենթարկելու, ձեռքը վնասելու վերաբերյալ համապատասխանում է իրականությանը, Ամատունին նշեց. «Միայն կարող եմ ասել, որ այդպիսի հարցերը քննարկվում են Ադրբեջանի պատկան մարմինների հետ կոնֆիդենցիալ բանակցությունների ընթացքում»։
Եզրափակելով խոսքը՝ Ամատունին շեշտեց, որ Խոջոյանի ընտանիքի անդամներին արդեն իսկ տեղեկացրել են նրա իրավիճակի մասին, փոխանցել տեսակցության ընթացքում ստացած տեղեկությունները։
Մեզ հետ զրույցում Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը հավելեց, որ Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ ինքը ևս զրուցել է։ «Մամիկոնին ասել են, որ ինքը պատասխան նամակ գրի, ի վիճակի չի եղել։ Գիտենք, որ մի ձեռքը կապած է, մյուսը ցավում է։ Հավելյալ տեղեկություններ չեն հաղորդել»,-նշել է Չոբանյանը։
Հիշեցնենք, որ դեռևս հունվարի 31-ին ադրբեջանական Anspress լրատվակայքի հետ զրույցում ադրբեջանցի ռազմական լրագրող Ռահիբ Գարիբը ասել էր՝ հնարավոր է Խոջոյանին ծեծել են Ադրբեջանում, լուրը հաստատել էր նաև ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը։
Ուզեիր Ջաֆարովը ծեծի մեթոդներն անվանել է «հնացած տեխնոլոգիաներ»՝ հավելելով, որ անհրաժեշտ է փոխել Ադրբեջանի մոտեցումները։
Հավելենք, որ հունվարի 28-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր՝ իբր Տավուշից Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղ է անցել «հայ զինված դիվերսանտ», ՀՀ ՊՆ-ն հերքել էր այս տեղեկությունը։
Ռազմինֆոյին հաջողվել էր պարզել, որ սահմանն անցածն իրականում 77-ամյա Մամիկոն Տիգրանի Խոջոյանն է. նա հունվարի 28-ին դուրս էր եկել գյուղից անհայտ ուղղությամբ։
Pingback: Կարմիր խաչը թոռան նամակը փոխանցել է 77-ամյա Խոջոյանին Ռազմ.info | armday
Pingback: Կարմիր խաչը թոռան նամակը փոխանցել է 77-ամյա Խոջոյանին – Նօրաթերթ