Ռուսական ավիակիրի օդաչուները Միջերկրական ծովում մարտական հերթապահություն են անում

Ռուսաստանի Հյուսիսային նավատորմի Ադմիրալ Կուզնեցով ավիակիր հածանավի օդաչուները փետրվարի 3-ից սկսել են մարտական հերթապահություն անել Միջերկրական ծովում։ Այսուհետ տախտակամածին Սու-33 կործանիչները լրիվ սպառազինությամբ պատրաստ կլինեն եղանակային բարդ պայմաններում թռիչքներ իրականացնել։

Այս մասին հայտնում է Հյուսիսային նավատորմի պաշտոնական ներկայացուցիչ առաջին կարգի կապիտան (ցամաքային և ավիացիոն զորքերում այս կոչումը համապատասխանում է գնդապետին) Վադիմ Սերգան։

Տեղեկացնենք, որ ավիակիր հածանավի երկարաժամկետ նավարկությունը սկսել է 2013 թվականի դեկտեմբերի 17-ից: Այս ընթացքում ավիակրից տախտակամածային կործանիչները թռիչքներ են կատարել 41 անգամ, իսկ ուղղաթիռները՝ 66։

Ընդհանուր առմամբ օդաչուները օդում են եղել ավելի քան 70 ժամ։

Ադմիրալ Կուզնեցով ավիակիրն առաջին անգամ ծով է դուրս եկել 1985 թվականին, սպառազինության է հանձնվել 1991 թվականից։

Նավի անձնակազմը 1980 հոգուց է բաղկացած։ Նավի սպառազինության կազմում են 10 միավոր Սու-33, 2 միավոր Սու-25ՈւՏԳ ինքնաթիռներ և 15 միավոր Կա-27 ու 2 միավոր Կա-31 ուղղաթիռներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *