Չի բացառվում, որ 77-ամյա Խոջոյանին Ադրբեջանում ծեծել են

Հունվարի 28-ին Ադրբեջանի սահմանն անցել ու գերի էր ընկել Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 77-ամյա բնակիչ, հոգեկան խանգարումներ ունեցող Մամիկոն Խոջոյանը։ Ադրբեջանական լրատվակայքերի փոխանցմամբ՝ հնարավոր է, որ նրան Ադրբեջանում ծեծի են ենթարկել։

Այս մասին դեռևս հունվարի 31-ին ադրբեջանական Anspress լրատվակայքի հետ զրույցում ասել է ադրբեջանցի ռազմական լրագրող Ռահիբ Գարիբը, լուրը հաստատել է նաև ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը։

Լուրը հաղորդում են  ադրբեջանական մի շարք այլ լրատվակայքեր ևս (qafqazinfo.az):

Ուզեիր Ջաֆարովը ծեծի մեթոդներն անվանել է «հնացած տեխնոլոգիաներ»՝ հավելելով, որ անհրաժեշտ է փոխել Ադրբեջանի մոտեցումները։

Շեշտենք նաև, որ Ռազմինֆոյի հետ զրույցում Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը փաստել էր՝ գյուղից հեռանալիս Խոջոյանի ձեռքին վիրակապ չի եղել, ձեռքն էլ վնասված չէր, մինչդեռ ադրբեջանական կողմի ներկայացրած տեսանյութում Խոջոյանի ձեռքը վիրակապած է։

Նկատենք, որ ադրբեջանական մամուլն օրերս քարոզչական նպատակներով լուսանկարներ էր տարածում, թե ինչպես են ադրբեջանցի բժիշկները զննում Խոջոյանին։

Նշենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն այսօր հանդիպել են Խոջոյանին, սակայն հանդիպումից մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չեն։

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր՝ իբր Տավուշից Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղ է անցել «հայ զինված դիվերսանտ», ՀՀ ՊՆ-ն հերքել էր այս տեղեկությունը։

Ռազմինֆոյին հաջողվել էր պարզել, որ սահմանն անցածն իրականում 77-ամյա Մամիկոն Տիգրանի Խոջոյանն է. նա հունվարի 28-ին դուրս էր եկել գյուղից անհայտ ուղղությամբ։

One response to “Չի բացառվում, որ 77-ամյա Խոջոյանին Ադրբեջանում ծեծել են

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *