Ադրբեջանում զինծառայողի հայրը կոչ է անում պատժել իր որդուն սպանած ծառայակիցներին

Դեկտեմբերի 11-ին Ադրբեջանում առաջնագծում պաշտոնական վարկածով քնած ժամանակ սրտի անբավարարությունից մահացել էր Ադրբեջանի ԶՈւ 19-ամյա զինծառայող Օրհան Ալիևը։ Սա Զաքիր Հասանովի՝ պաշտպանության նախարար նշանակվելուց ի վեր առաջին ոչ մարտական կորստի դեպքն է, երբ զինծառայողների իրավունքներով զբաղվող  ադրբեջանական ՀԿ-ները կրկինբարձրաձայնել էին զինծառայողի մահվան իրական պատճառները թաքցնելու մասին։

Ադրբեջանցի սպանված զինծառայող Օրհան Ալիևի ծնողները

Ադրբեջանցի սպանված զինծառայող Օրհան Ալիևի ծնողները

Հունվարի 30-ին բժշկական փորձաքննության և հեռախոսազանգերի հիման վրա արձանագրված փաստերով ասուլիս է տվել զինծառայողի հայրը՝ Շիրազի Ալիևը՝ հերթական անգամ շեշտելով, որ զինծառայողի մահվան իրական պատճառը ծառայակիցների կողմից ծեծի ենթարկվելն է, իսկ դիակի վերքերի հետքերը չեզոքացնելու համար սառույց են օգտագործել, երբ տեղափոխել են Տերտերի շրջան բժշկական փորձաքննության։ Ավելին, Ալիևի հավաստիացմամբ՝ իր որդու ներքին օրգանները հանել են վաճառելու նպատակով, իսկ սպանվածի հարազատներին թույլ չեն տվել ներկա լինել փորձաքննությանը։

«Քնի մեջ մահը սրտի անբավարարությունից անհնար է, քանի որ մահվանից երկու օր առաջ Օրհանը հիվանդանոցներից մեկում բուժզննում էր անցել, նա լիովին առողջ էր։ Նա ֆիզիկապես պատրաստված էր, իր գնդում առաջին տեղն էր զբաղեցրել վազքի մրցումներում»,-նշել է զինծառայողի հայրը։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ռազմական դատախազության տվյալներով՝ Օրհան Ալիևը մահացել է դեկտեմբերի 11-ին ժամը 00։10-ին, մինչդեռ հայրն ասուլիսի ժամանակ ներկայացրել է հեռախոսազրույցի պատճեն, ինչից հետևում է՝ նույն օրը 00։25-ին Օրհանը հեռախոսով խոսել է եղբոր հետ, ծառայակիցների հետ վեճը ծագել է հենց հեռախոսազրույցի ավարտից հետո, սակայն ռազմական դատախազությունը շրջանցում է այս փաստը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Կտտանքների դեմ հանձնաժողովի զեկույցի համաձայն՝ Ադրբեջանի ՊՆ-ն 2013-ին կոծկել է առնվազն 5 զինծառայողի՝ բռնության և ծեծի հետևանքով գրանցված մահը՝ նրանց ներկայացնելով որպես հիվանդության կամ ինքնասպանության հետևանքով արձանագրված կորուստներ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *