Ադրբեջանում առաջնագծում սրտի անբավարարությունից մահացած զինծառայողը զորակոչվելիս առողջ է եղել

Դեկտեմբերի 11-ին Ադրբեջանում առաջնագծում քնած ժամանակ սրտի անբավարարությունից մահացել էր Ադրբեջանի ԶՈւ 19-ամյա զինծառայող Օրհան Ալիևը։ Փորձագետները չեն հավատում ՊՆ-ի վարկածին։

Սա Զաքիր Հասանովի՝ պաշտպանության նախարար նշանակվելուց ի վեր առաջին ոչ մարտական կորստի դեպքն է, երբ զինծառայողների իրավունքներով զբաղվող ՀԿ-ներն Ադրբեջանում կրկին բարձրաձայնում են զինծառայողի մահվան իրական պատճառները թաքցնելու մասին։ Նրանց մի մասը մեղադրանքներ է հղում Ադրբեջանի ՊՆ նոր ղեկավարությանը, մյուս մասն էլ՝ զորամասերի հրամանատարական կազմին։

Մասնավորապես, ռազմական փորձագետ, ՊՆ-ում կադրային փոփոխություններն ակտիվորեն լուսաբանող Ուզեիր Ջաֆարովը հայտարարել է. «ՊՆ ղեկավարությունն ի՞նչ մեղավոր է, երբ հրամանատարները չեն կարողանում հետևել իրենց զինվորների առողջական վիճակին։ Եթե Օրհան Ալիևն իրոք սրտի անբավարարություն ուներ, ինչպե՞ս են թույլ տվել, որ նա ծառայի, իսկ եթե նա առողջ է եղել, ապա ի՞նչն է մահվան իրական պատճառը։

Ադրբեջանական «Զերկալո» պարբերականի լրագրողը, հիմք ընդունելով փորձագետի խոսքերը, դիմել է Գետաբեկի շրջանի զինկոմիսարիատ, որտեղից էլ զորակոչվել էր զոհվածը։ Կոմիսարիատի աշխատակից Նաթիգ Աբիլովը փաստել է. «Մենք զորակոչել ենք լիովին առողջ երիտասարդի, զորակոչման ժամանակ սրտի խնդիր ունենալու ենթադրությունը բացառվում է»։

Իր հերթին Հելսինկյան քաղաքացիական հանձնաժողովի ղեկավար Արզու Աբդուլաևայի խոսքերով՝ ՊՆ-ի վարկածն Օրհան Ալիևի մահվան պատճառի հարցում իրականությունից հեռու է։ «Շատ հնարավոր է՝ զինծառայողը մահացել է ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով, ինչն Ադրբեջանի ԶՈւ-ում եզակի դեպք չէ»։

Հավելենք, որ փորձագետները պահանջել են ՊՆ-ից սկսել Օրհան Ալիևի մահվան պատճառների հանգամանալից հետաքննություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *