Իրաքի պաշտպանության նախարարությունը կորեական Korea Aerospace Industries ընկերության հետ կնքել է 24 միավոր թեթև ուսումնամարտական ինքնաթիռի գնման պայմանագիր։ Խոսքը Տ-50 «Գոլդեն Իգլ» (T-50 Golden Eagle) տեսակի ուսումնամարտական ինքնաթիռների մասին է։
Պայմանագրի արժեքը 1.1 մլրդ ամերիկյան դոլար է։ Այս մասին նշվել է հարավկորեական ձեռնարկության հայտարարության մեջ։
Բացի այդ, համաձայնագրում նշված է նաև իրաքցի օդաչուների վերապատրաստման և տեխնիկական սպասարկման մասին։
Պայմանագրում ամրագրված բոլոր կետերի կատարման դեպքում, ամբողջական արժեքը հնարավոր է հասնի 2 մլրդ դոլարի։ Այլ մանրամասներ դեռևս չեն հրապարակվում։
Տեղեկացնենք, որ 2011 թվականին կորեկան ձեռնարկությունը հայտ էր ներկայացրել իրաքյան մրցույթի մասնակցելու համար։ Ձեռնարկության հետ մրցել են նաև բրիտանական BAE Systems, չեխական Aero Vodochody և ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունները։
Այս ընկերությունները Իրաքի զինվորականներին առաջարկում էին համապատասխանաբար Hawk Mk. 128, L-159 ALCA և Յակ-130 ինքնաթիռներ։ Հետաքրքիրն այն է, որ այս մրցույթի արդյունքների մասին էլ մինչև այժմ չեն հայտարարել։
Հավելենք, որ երկտեղանի Տ-50 կործանիչի առավելագույն արագությունը 1.7 հազար կմ/ժ է։ Սպառազինված է 20 մմ տրամաչափի թնդանոթով և 7 կախոցով, որոնք նախատեսված են «օդ-օդ» և «օդ-մակերևույթ» հրթիռների համար։