Սիրում եմ իմ զենքը, իսկ ինքն էլ ինձ է հավատարիմ. Ռազմինֆոն հետևում է իր հարցազրույցների հերոսներին

6 ամիս առաջ Ռազմինֆոն սկսեց հեղինակային շարք՝ հարցազրույցներ զորակոչիկների հետ։ Այս օրերին մեր զրուցակիցներն արձակուրդում էին, ու մենք նրանց հետ զրուցելու պահը բաց չթողեցինք։ Ներկայացնում ենք, թե ինչպես են փոխվել նրանք ծառայության ընթացքում։

 

Արմեն Խաչիկյան

Արմեն Խաչիկյան

Այօր մեր զրուցակիցը վանաձորցի շարքային Արմեն Խաչիկյանն է։ Նա ավարտել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը։

Դուք բանակ գնացիք ավելի մեծ տարիքում, արդեն մասնագիտություն ունեք: Կասե՞ք, թե ինչպես ստացվեց ադապտացիան։

Ուսումնական համակարգից անցումը ռազմական ոլորտ բավականին կտրուկ ստացվեց, միջավայրի էական փոփոխություններ եղան։ Բանակը երիտասարդ հասարակության արտացոլումն է, որին ճանաչելով հպարտանալու առիթներ հաճախ չես ունենում: Տարբեր են երիտասարդներն իրենց էությամբ, սակայն սկզբունքների և գաղափարների ընդհանրության դեպքում համատեղ ծառայությունն ու գործունեությունը ստացվում է:

Եթե փորձեք արժևորել Ձեր կյանքը բանակային այս ամիսների համատեքստում, ապա ի՞նչ եզրակացության կգաք։

Իհա´րկե, բանակային ամիսները գնահատելիս առաջնահերթ ցավում ես հարազատ մարդկանցից և միջավայրից հեռու լինելու ու բազմաթիվ իրադարձություններ բաց թողնելու համար։ Միևնույն ժամանակ հարկ է գնահատել այն փորձը, որը ձեռք է բերվում բանակում: Բանակային բազմաթիվ իրավիճակներ ամբողջ կյանքի համար անհրաժեշտ փորձ ու հմտություններ են տալիս:

Ինքներդ Ձեզ գնահատելով` փոխվե՞լ եք։

Ըստ էության չեմ փոխվել, բայց որոշակի դեպքերում ավելի կտրուկ և խիստ եմ դարձել: Բայց ընդհանուր առմամբ, սկզբունքային փոփոխություններ չեն եղել:

Ի՞նչ գիտելիքի կամ ինչոր բանի պակաս զգացիք բանակում, որ կուզենայի ավելի վաղ իմանալ ու նոր գնալ։

Այն ամենը, ինչ իմացել եմ, իմ կարծիքով բավարար է եղել, այնպես ինչպես եղել է, կարծում եմ՝ ճիշտ է:

Բանակում ֆիզիկական պատրաստության մասին ի՞նչ կասեք։

Ֆիզիկական պատրաստությունը կարևոր դեր է կատարում, չնայած որոշակի փոփոխությունների կարելի է ենթարկել: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ բանակում նույնպես մտավոր ուժեղ լինելն առաջնային է:

Ինչի՞ն դժվար հարմարվեցիք։

Ի սկզբանե իմ տրամադրվածությունը ստիպեց, որ ես նույնիսկ հարմարվելու կարիք էլ չունենամ։

Սնունդից գո՞հ եք։

Դժգոհ չեմ։ Կարտոֆիլի պյուրեն եմ ամենաշատը սիրում։

Արմեն Խաչիկյան

Արմեն Խաչիկյան

Արդեն որպես զինծառայող, զինվորսպա հարաբերություններն ինչպե՞ս կգնահատեք։

Կարծում եմ՝ հարաբերությունները բարելավելուն ուղղված բավականին անելիք կա, մանավանդ ոչ սահմանապահ զորքերում: Իսկ սահմանապահ ստորաբաժանումներում հարաբերություններն առավել անմիջական ու սահուն են:

Դուք ի՞նչ եք անում բանակային կյանքը, համակարգը մեկ քայլ բերելավելու համար։

Ինքս ինձ ու իմ ընկերների հետ փորձում եմ սեփական սկզբունքներով առաջնորդվել: Համընդհանուր որևէ քայլ չեմ անում, քանզի բանակը քաղաքացիական հասարակություն չէ և այստեղ համակարգը միայն վերևից է հնարավոր չնչին փոփոխության ենթարկել:

Մեզ հետ հարցազրույցում, որ եթե հնարավորություն ունենայիք՝ ինչ կտանեիք Ձեզ հետ բանակ, նշել էիք. «Ամեն ինչ կամ՝ ոչինչ։ Ու քանի որ ամեն ինչ տանելն անհնար է, հետևաբար՝ ոչինչ։» Իրականում ինչի՞ կարիք եք բանակում ամենաշատը զգում: Փոխվե՞լ է տանելու բանը:

Տանելու բանը միանշանակ չի փոխվել, իսկ այ թե ինչի կարիք եմ զգում, դա լրիվ այլ հարց է, ինձ հարազատ ամեն ինչի կարիքը զգում եմ։

Ի՞նչ մակարդակի են Ձեր կրակային պատրաստությունն ու ռազմական գիտելիքները։

Կրակային պատրաստությունը լավ է, ես սիրում եմ իմ զենքը, իսկ ինքն էլ ինձ հավատարիմ է մնում: Ռազմական գիտելիքներս բավարար են, սակայն ես շատ ավելին կցանկանայի իմանալ, առավել քան զինվորական գիտելիքի շրջանակները:

Սահմանապահ զորամասում եք ծառայում, երբևէ դիրքեր բարձրացե՞լ եք։

Դիրքերում եղել եմ, բայց մարտական հերթապահություն չեմ իրականացրել: Առաջիկա մեկ ու կես տարին հավանաբար դիրքապահ զինվորի պատվո առաքելություն կկատարեմ:

Անհանգստություն կա, երբ դիրքերում եք լինում, չէ՞.. որ մի քանի մետր այն կողմ թշնամին է:

Իհա´րկե, վտանգը մեծ է, սակայն հայրենիքի գաղափարի գիտակցման պայմաններում անհանգստությունն ու վախը վերափոխվում են ինքնավստահության:

Ի՞նչոր հետաքրքիր պատմություն կպատմեք ծառայությունից։

Ընդհանուր առմամբ զորավարժություններն են բավականին հետաքրքիր, երբ ինքդ վրան ես պատրաստում և քնում այն հողի վրա, որտեղ հայրենակիցներդ երկու տասնամյակ առաջ փայլուն հաղթանակներ են տարել:

Զրուցեց Հասմիկ Մելիքսեթյանը

Կարդացեք Արմեն Խաչիկյանի առաջին հարցազրույցն այստեղ. Կարծում եմ` պատրաստ եմ ծառայելու. Արմեն Խաչիկյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *