Ճապոնիան վերջին տասնամյակներին առաջին անգամ ռազմական արտադրանք կարտահանի

Ճապոնիան 15 հիդրոինքնաթիռների վաճառքի պայմանագիր է կնքել Հնդկաստանի հետ, ինչը հանդիսանալու է ճապոնական ռազմական արտադրանքի արտահանման առաջին նախադեպը՝ Երկրորդ համաշխարհայինի ավարտից ի վեր: Այս մասին հաղորդում է Ռոյթերս լրատվական գործակալությունը:

Ճապոնական US-2i որոնողա-փրկարարական հիդրոինքնաթիռ

Ճապոնական US-2i որոնողա-փրկարարական հիդրոինքնաթիռ

Պայմանագրի արժեքը գնահատվում է շուրջ 1,65 միլիարդ ամերիկյան դոլար և նախատեսում է US-2i թվով 15 հիդրոինքաթիռի մատակարարում Հնդկաստանին: Թեպետ այս գործարքի որոշ տեխնիկական մանրամասների շուրջ վերջնական պայմանավորվածությունը կողմերի միջև ձեռք է բերվելու միայն 2014-ի մարտին, սակայն արդեն իսկ ակնհայտ է ռազմատեխնիկական համագործակցության մերձեցումը Ճապոնիայի և Հնդկաստանի միջև:

Ամերիկյան հիդրոինքնաթիռների ճապոնական մոդիֆիկացիան հանդիսացող US-2i որոնողա-փրկարարական ինքնաթիռները Հնդկաստանին մատակարարվելու են տեխնիկական սահմանափակումներով: Մասնավորապես, դրանց վրայից հանվելու է օդային օբյեկտների տարբերակման համակարգը, ինչը պայմանավորված է Ճապոնիայի վրա դրված ռազմական արտադրանքի արտահանման արգելափակմամբ, որը գործում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր:

Ճապոնական US-2i հիդրոինքնաթիռները Հնդկաստանը ցանկանում է գնել Անդամյան և Նիկոբարյան կղզիների շրջանում պարեկության կազմակերպման նպատակով: Այս հիդրոինքնաթիռների թռիչքի առավելագույն հեռավորությունը 4500 կմ է, ինչը լավագույնս համապատասխանում է Հնդկաստանի պահանջներին՝ նշված խնդրի կատարման համար:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն մի քանի առիթներով հայտարարել է, որ պատրաստվում է հասնել սահմանված արգելքի վերանայմանը, ինչը ճապոնական մի շարք ընկերությունների հնարավորություն կտա ներկայանալ նաև սպառազինության համաշխարհային շուկայում: Ճապոնական ընկերություններից ռազմական արտադրանքի ներուժով աչքի են ընկնում Mitsubishi Heavy Industries և Kawasaki Heavy Industries ընկերությունները: Միցուբիշի ընկերությունը բանակցություններ է վարում նաև հինգերորդ սերնդի ամերիկյան F-35 կործանիչի համար պահեստամասերի մատակարարման շուրջ:

Հավելենք, որ Հնդկաստանը աշխարհում ամենամեծ ծավալների սպառազինություն ներկրող երկրներիc է: Համաձայն Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի տվյալների` Հնդկաստանը 2007-2011 թվականներին ներմուծել է ընդհանուր առմամբ 12,7 միլիարդ ամերիկյան դոլարի սպառազինություն՝ զինամթերքից մինչև ավիակիր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *