Թուրքիան հրետակոծել է Սիրիայում գործող իսլամիստական խմբավորման դիրքերը

Թուրքիայի զինված ուժերը հրետակոծել է Սիրիայի հյուսիսում հաստատված «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության դիրքերը, երբ զինյալները կրակ էր բարձել թուրք սահմանապահների վրա։

T-155 Firtina. Թուրքիայի ԶՈւ

T-155 Firtina. Թուրքիայի ԶՈւ

Հունվարի 29-ին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման անդամներն իրենց կողմից վերահսկվող սիրիական տարածքներից ինքնաձիգերով կրակել են թուրքերի ուղղությամբ։ Ըստ CNNTurk-ի տվյալներով՝ թուրքական կողմը պատասխանել է Firtina T-155 հաուբիցներից արձակված կրակով, ապա նաև սահմանային հատված է մոտեցրել ծանր զրահատեխնիկա։

Թուրքական կողմը կորուստներ չի կրել, իսլամիստների շրջանում կորուստների մասին տվյալներ չեն հաղորդվում, սակայն նյութական վնասներ Սիրիայում պատերազմող զինյալներն ունեցել են։ Հրետակոծման ժամանակ շարքից դուրս է եկել իսլամիստներին պատկանող բեռնատարն ու ավտոբուսը, որոնցով զինամթերք և զինյալներ էին տեղափոխվում։ Ոչնչացվել է նաև մեկ ամենագնաց, որի վրա գնդացիր էր տեղադրված։

Թեև հայտնի է, որ Թուրքիան աջակցում է Սիրիայում Բաշար Ասադի դեմ պայքարող խմբավորումներին, սակայն «ալ Կաիդա» ահաբեկչական ցանցի հետ սերտ կապեր ունեցող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կազմակերպության հետ Անկարան լուրջ տարաձայնություններ ունի։ Անցած ամիսներին ևս եղել են դեպքեր, երբ Թուրքիան հրետակոծել է իսլամիստական խմբավորման դիրքերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *