Ադրբեջանում վերջին շրջանում արդեն երրորդ վետերանն է ինքնահրկիզվել

Ադրբեջանի «Ղարաբաղի վետերաններ» ՀԿ-ի նախագահ Էթիմադ Ասադովը հաստատել է, որ Բարդայի շրջանի իշխանությունները փորձում են կոծկել հունվարի 28-ին Արցախյան պատերազմի ադրբեջանցի վետերան, 2-րդ կարգի հաշմանդամ Մաարիֆ Վելիևի ինքնահրկիզման փաստը։

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական մասնաճյուղի փոխանցմամբ՝ Ասադովը Բարդայի շրջանի ՏԻՄ գրասենյակի մոտ իր վրա բենզին է լցրել ու ինքնահրկիզվել, քանի որ կացարան չունի, օրենքով իրեն հատկացվելիք տարածք է խնդրել, բազմիցս մերժվել է։

Նկատենք, որ վետերանին տեղափոխել են հիվանդանոց, սակայն որևէ մեկին, այդ թվում՝ հարազատներին թույլ չեն տալիս այցելել նրան։ Բժիշկները պնդում են, որ ինքնահրկիզման մասին ոչինչ չգիտեն՝ հրաժարվելով տեղեկացնել, թե այդ դեպքում ինչ պայմաններում է վետերանն այրվածքներ ստացել։

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Եվլախում ինքնահրկիզվել էր վետերան, 2-րդ կարգի հաշմանդամ Նիզամի Քերիմովը, բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար։

2013-ի դեկտեմբերի 25-ին Բաքվի կենտրոնում ինքնահրկիզում կատարած Զաուր Հասանովի մահվան պատճառով Ադրբեջանում ցույցերի ալիք էր բարձրացել։ Մինչ օրս էլ Ադրբեջանում զգալի է այս հարցերի շրջանակներում հասարակական ակտիվություն, բացի այդ էլ հետզհետե վերհանվում են վետերանների խնդիրները, որոնք տևական ժամանակ լուծում չեն ստանում։ Փետրվարի 8-ին ևս Արցախյան պատերազմի ադրբեջանցի վետերանները բողոքի ցույց են նախատեսել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *