Թուրքիայում որոշել են ժամանակ տալ մեծ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգի մրցույթի մասնակիցներին՝ նոր հայտեր ներկայացնելու համար, թեև դեռ անցած տարվա սեպտեմբերին մրցույթում հաղթել էր Չինաստանը։
Թուրքական CNNTurk հեռուստաընկերությունը հայտնում է, որ օրերս Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ Թուրքիա ժամանած Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանը ՀՕՊ համակարգերի վերաբերյալ քննարկումներ է ունեցել թուրք պաշտոնյաների հետ։ Հունվարի 28-ին էլ Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարություն է այցելել Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Ֆրանկ Ռիկարդիոնեն, ում այցի հիմնական նպատակը եղել է ՀՕՊ մրցույթը։
Ըստ նույն աղբյուրի՝ Թուրքիան մրցույթի մասնակիցներին արդեն տեղեկացրել է, որ փոփոխված հայտերն ընդունելու է մինչ ապրիլի 30-ը։ Չինական կողմը դեռ այս առնչությամբ մեկնաբանություն չի տվել։
Հիշեցնենք, որ 2013-ի սեպտեմբերին Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ և պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի ու ռազմարդյունաբերական քարտուղարության ղեկավարի մասնակցությամբ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվել էր հակաօդային և հակահրթիռային պաշտպանության T-Loramids նախագիծը, որով նախատեսվում էր Թուրքիայի համար գնել մեծ հեռահարության զենիթահրթիռային համալիրներ, որոնք այդ երկիրը ներկայում չունի։ 3-4 մլրդ դոլար արժողությամբ պայմանագրի համար պայքարում էին ամերիկյան Patriot PAC3, ռուսական Ս-300, ֆրանս-իտալական Samp T ՀՕՊ, չինական HQ-9 (արտահանման տարբերակ՝ FD-2000) համակարգերը։
Նիստի ժամանակ որոշում էր կայացվել ընտրել չինական տարբերակը, քանի որ այն մատչելի էր և հնարավորություն էր տալիս համատեղ արտադրություն հիմնել։ Այս որոշումից խիստ դժգոհ էին մնացել ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն։ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ չինական զենիթահրթիռային համալիրները չեն կարող ինտեգրվել Դաշինքի ՀՕՊ համակարգին, ինչի արդյունքում դրանց արդյունավետությունը զգալի նվազում էր։ Թեև Թուրքիան իր ընտրությունը դեռ չի փոխել, սակայն չինական ընկերության հետ այդպես էլ վերջնական պայմանագիր չի կնքել։