Հունվարի 22-ին Եռաբլուրում կայացավ հունվարի 19-ին ադրբեջանական դիվերսիոն հարձակումը հետ մղած կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հուղարկավորությունը։ Նույն ժամանակ Արցախում ևս անցկացվեցին նրա հիշատակին նվիրված արարողություններ։
Հոգեհանգստի արարողությանը ներկա էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԱԾ պետ Վիկտոր Քոչարյանը, գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը, ոստիկանապետ Կամո Աղաջանյանը, բոլոր գերատեսչությունների ղեկավարները, պաշտոնյաներ, ՊԲ անձնակազմը, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականներ, մի քանի հազար քաղաքացիներ ու զինծառայողներ։
Արցախից Աննա Ղուկասյանը Ռազմինֆոյին տեղեկացրեց, որ Արցախի թեմի հոգևորականները և Պաշտպանության բանակի հոգևոր սպասավորները Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում կատարել են հոգեհանգստի արարողություն և մոմավառություն։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ 23:50 – 00:15 սահմաններում, Արցախում հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էին եղել։ Կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը զոհվել էր փոխհրաձգության ժամանակ ստացած հրազենային վերքից։
Հայկական կողմի տվյալներով՝ ադրբեջանցիները նվազագույնը 2 զոհ ունեն։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ռազմինֆոյին մեկնաբանել էր, որ հակառակորդի դիվերսիոն խումբը փախուստի դիմելիս առաջնագծում է թողել քարտեզներ, զինամթերք, տեխնիկա, պաշտպանական միջոցներ։
Չնայած որ Ադրբեջանի ՊՆ-ն կտրուկ հերքում է, որ զոհեր ու վիրավորներ ունի, այս պահի դրությամբ հաստատել է՝ կասկածելի պայմաններում առաջնագծում գրանցվել են 5 վիրավորներ. 3 զինծառայող տուծել է ավտովթարից, 2-ը՝ զենքի հետ անզգույշ վարմունքից։
Նկատենք նաև, որ առաջնագծում վիճակը լարված է եղել նաև հունվարի 20-ի գիշերը։ Հակառակորդը կրակել է շատ ավելի ինտենսիվորեն, քան սովորաբար լինում է։ Ադրբեջանի ստորաբաժանումների ակտիվությունը լռեցվել է պատասխան կրակով։ Այսօր էլ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն էր տարածել հունվարի 21-ին «հայկական զինուժի դիվերսիոն հարձակման» մասին՝ միջոցներ փնտրելով հունվարի 19-ի սեփական կորուստները վերջապես հայտարարելու։
Pingback: В Степанакерте почтили память Армена Ованнисяна (Фоторяд)