Թայվանի պաշտպանության նախարարությունը նոր մանրամասներ է հաղորդել ԱՄՆ-ից վերջերս գնված AH 64-E Apache հարվածային ուղղաթիռների շահագործման մեկնարկի վերաբերյալ: Ըստ նախնական տվյալների՝ ուղղաթիռներն իրենց փորձնական թռիչքները կկատարեն ընթացիկ տարվա փետրվարին, երբ տեղադրվեն փոխանցման տուփերը: Այս մասին հաղղորդում է Jane’s ռազմական հանդեսը:
Փորձարկման թռիչքների մեկնարկի ստույգ ժամկետներ չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ Թայվանի ռազմաօդային հատուկ ուժերն այդ թռիչքները կանցկացնեն երկրի հարավում տեղակայված Թայնան ռազմաբազայում:
Հիշեցնենք, որ Թայվանն աշխարհում դեռևս միակ պետությունն է, որին ԱՄՆ-ն վաճառում է Ապաչ հարվածային ուղղաթիռներ: Պայմանագրով նախատեսված ուղղաթիռների առաջին խմբաքանակը՝ վեց միավոր, Թայվանը ստացել էր 2013-ի նոյեմբերին, սակայն կարճ ժամանակ անց դրանց շահագործումն արգելվել էր, քանի որ մատակարարման համար պատասխանատու ամերիկացի օդաչուները փորձարկման թռիչքի ժամանակ նկատել էին թերություններ:
Վեց ուղղաթիռների երկրորդ խմբաքանակը Թայվան է հասել 2014-ի հունվարի 2-ին: Համաձայն ԱՄՆ-ի հետ կնքած պայմանագրի՝ Թայվանին դեռևս պետք է մատակարարվի ևս 17 ուղղաթիռ, որոնց ժամանման մոտավոր ժամկետ է նշվում 2014-ի մարտ-հուլիս ժամանակահատվածը:
Հավելենք, որ Թայվանը հետևողականորեն բարձրացնում է զինված ուժերի մարտունակության աստիճանը, քանի որ խնդիրներ ունի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ, որը Թայվանը համարում է իր տարածքը: Չինաստանի հետ հարաբերություններում առկա լարվածությամբ է պայմանավորված Թայվանի մերձեցումն ԱՄՆ-ի հետ, ինչն արտահայտվում է մի շարք բնագավառների հետ մեկտեղ նաև ռազմատեխնիկական ոլորտում հաստատված սերտ համագործակցությամբ: