ԿԳ նախարարն առաջարկում է հանել տարկետման իրավունքը

Հունվարի 23-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում քննարկվելու է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի առաջարկած «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։

Նախագծով առաջարկվում է փոփոխել «Զինապարտության մասին» օրենքի 14-րդ հոդվածը և սահմանել, որ պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին այսուհետ տարկետում կտրվի միայն ՀՀ կառավարության սահմանած դեպքերում և կարգով:

Նախագծում նման փոփոխությունն արդարացվում են նրանով, որ «վերջին ժամանակներում ՀՀում միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերի շրջանակներում սովորելու ցանկություն հայտնողների գերակշռող մասը արական սեռի քաղաքացիներ են: Երևույթի շարժառիթը հիմնականում պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հնարավորությունն է, որն էլ իր հերթին խթանում է բնակչության արտագաղթին, ինչպես նաև հայրենիք չվերադառնալու հիմքեր է առաջացնում»։

Նշվում է, որ օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունված ՀՀ քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հարցը կանոնակարգելու նպատակով՝ ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմամբ հաստատվել է կարգ։

«Այն տարածվում է օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ /անձնական նախաձեռնությամբ/ ընդունված ՀՀ այն քաղաքացիների վրա, ում «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ մասին համապատասխան ուսումնառության ամբողջ ժամանակահատվածի համար ՀՀ կառավարության անհատական որոշումներով տրվում է տարկետում` ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ պարտավորությունների կատարումն ապահովող գրավի պայմանագիր /գրավ դրվող գույքի նվազագույն գինը սահմանվում է 8,5 մլն դրամ/ կնքելու պայմանով»,- նշված է նախագծում։

Այսինքն՝ եթե երիտասարդը չվերադառնա հայրենիք, ապա պարտավորվում է նման չափի տուգանք վճարել։ Ըստ նախագծի՝ սա երաշխիք է, որ երիտասարդները կվերադառնան Հայաստան, կկատարեն հայրենիքի նկատմամբ սահմանադրական պարտավորությունները, ինչպես նաև ձեռք բերված գիտելիքները կներդնեն Հայաստանում:

Հավելենք, որ եթե վաղը՝ հունվարի 23-ին, նախագիծն ընդունվի, ապա այն կվավերացվի պաշտոնական հրապարակումից հետո տասներորդ օրը։

Տեղեկացնենք, որ նախագիծը թեև ներկայացնում է Արմեն Աշոտյանը, բայց կազմվել է պաշտպանության նախարարության հետ։

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ իրենց դիտողություններ են արել արդարադատության նախարարությունն ու արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ այդ դրույթները կհանգեցնեն ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածով և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 26-րդ հոդվածով սահմանված` յուրաքանչյուր անձի կրթության իրավունքի և անձի կողմից իր նախընտրած վայրում և ուսումնական հաստատությունում կրթություն ստանալու հնարավորության սահմանափակման:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *