Հակառակորդը լարվածություն է ստեղծել առաջնագծում. պատասխանը չի ուշանում

Թե´ ՀՀ պաշտպանության նախարարությունը, թե´ ՊԲ-ն, թե´ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդում են առաջնագծում հունվարի 20-ի գիշերը լարված իրավիճակի մասին։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի և ՊԲ հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանցիների ինտենսիվ կրակը լռեցվել է հայկական կողմի պատասխան կրակով։

տարբերանշան

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ռազմինֆոյի հետ զրույցում տեղեկացրել է. «Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե իբր մենք ենք նախահարձակ եղել, հերթական ապատեղեկատվությունն  է։ Հակառակորդի ստորաբաժանումները տասն անգամ ավելի ինտենսիվորեն կրակել են երեկ գիշեր՝ խախտելով հրադադարի ռեժիմը։ Մենք երեկ խոստացել էինք համապատասխան ձևով պատասխանել հունվարի 19-ի դիվերսիային, քաջատեղյակ լինելով դրան՝ վախեցած կրակել են ամբողջ գիշեր առաջնագծի ողջ երկայնքով։ Մեր ստորաբաժանումների պատասխան կրակի արդյունքում հակառակորդը լռել է, մենք զոհեր ու տուժածներ չունենք»։

Նկատենք, որ Ադրբեջանի ՊՆ-ի պնդմամբ՝  «հայկական զինուժն ինտենսիվորեն կրակել էր Տավուշի ուղղության առաջնագծի տարբեր հատվածներից»։

Ըստ ՊԲ պաշտոնական կայքի՝ միայն հունվարի 20-ին շփման գծի գրեթե բոլոր ուղղություններում ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 240 անգամ: ՊԲ-ի ձեռնարկած անհրաժեշտ քայլերից հետո ադրբեջանական կողմը դադարեցրել է կրակը։

Հավելենք, որ առաջնագծում լարված իրավիճակին անդրադարձել  էր նաև ԱՄՆ նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ Նա  հունվարի  20-ին իր թվիթերյան միկրոբոլգում գրել է. «Շփման գծում բռնությունն ու լարվածությունը խափանում են խաղաղ լուծմանն ուղղված ջանքերը։ Ցավակցում եմ այսօրվա մահվան համար»՝ ըստ երևույթին նկատի ունենալով հունվարի 20-ին հայտնի դարձած, կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի մահվան լուրը։ Նա զոհվել էր ադրբեջանցիների դիվերսիոն հարձակումը հետ մղելիս, մինչդեռ ադրբեջանական կողմը հերքում է այս փաստը։

Այսպիսով, հունվարի 19-ի ադրբեջանական դիվերսիոն գործողությանը փաստացիորեն հետևում է հունվարի 20-ին ինտենսիվ կրակն առաջնագծի ողջ երկայնքով, ընդ որում՝ ադրբեջանական կողմի նախահարձակ լինելու պայմաններում։ Այս հանգամանքը հերթական անգամ փաստում է, որ Ադրբեջանում պաշտպանության նոր նախարարի նշանակումը չի ազդել ընդհանուր իրավիճակի վրա, Ադրբեջանը շարունակում է Հայաստանի նկատմամբ իր որդեգրած քաղաքականությունը, իսկ Ադրբեջանի նախագահի ու բարձրաստիճան պաշտոնյաների՝ վերջին շրջանում հաճախ հնչող Արցախյան հիմնախնդրին խաղաղ լուծում տալու կոչերը զուտ հերթական քարոզչական քայլն են։

One response to “Հակառակորդը լարվածություն է ստեղծել առաջնագծում. պատասխանը չի ուշանում

  1. Pingback: Առաջնագծում ինքնաթիռներ օդ բարձրացնելու լուրը՝ ադրբեջանական քարոզչության միջոց | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *