Ռուսաստանը զգալիորեն կատարելագործում է հակաօդային պաշտպանության Պանցիր զենիթահրթիռային հրանոթային համալիրը՝ ստեղծելով վերջինիս տարբեր մոդիֆիկացիաներ:
Հունվարի 20-ին Տուլայի կոնստրուկտորական բյուրո կատարած այցի ընթացքում լրագրողներին հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը: Այս մասին հաղորդում է ռուսական Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը:
Ըստ Ռոգոզինի՝ առաջիկայում կոնստրուկտորական բյուրոն ներկայացնելու է Պանցիր-ՍՄ (ռուս.՝ Панцирь-СМ) զենիթահրթիռային հրանոթային համալիրը (ԶՀՀՀ), որն իր մարտավարատեխնիկական տվյալներով զգալիորն գերազանցելու է ռուսաստանյան զինված ուժերի սպառազինությունում առկա ԶՀՀՀ-ները:
Փոխվարչապետ Ռոգոզինը նշել է, որ ներկայումս կոնստրուկտորական բյուրոն զինված ուժերին է մատակարարում Պանցիր-Ս և Պանցիր-Ս1 ԶՀՀՀ-ները, սակայն ձեռնարկության ներուժն ամբողջությամբ ներում է առաջիկայում մեծ ծավալներով ԶՈւ-ին մատակարարել Պանցիր-ՍՄ ԶՀՀՀ-ն, որն անհամեմատ ավելի արդյունավետ է փոքր հեռավորություններում հակաօդային պաշտպանության ապահովման համար:
Նշենք, որ Պանցիր-Ս ԶՀՀՀ-ն նախատեսված է հատուկ կարևորության փոքր օբյեկտների՝ օդային հարձակումներից պաշտպանության համար, մինչև 15 կմ հեռավորության և 20 կմ բարձրության վրա: Հետաքրքիր է նաև այս ԶՀՀՀ-ների մարտավարական կիրառումը ՌԴ ԶՈւ-ում: Ռուսական ռազմական մի շարք հեռուստահաղորդումներում ցուցադրվող կադրերում երևում է, որ Պանցիր ԶՀՀՀ-ներն ի թիվս այլ գործառույթների, օգտագործում են նաև Տոպոլ (ռուս.՝ Тополь) միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների շարասյան տեղաշարժի անվտանգությունն ապահովելու համար՝ ներգրավվելով շարասյան կազմի մեջ:
Պանցիր Ս-1 ԶՀՀՀ-ն Տուլայի արտադրական ձեռնարկությունում
Ուշագրավ են նաև Պանցիր Ս-1 ԶՀՀՀ-ի մասին հաղորդվող տեղեկությունները, համաձայն որի՝ Տուլայի կոնստրուկտորական բյուրոն առաջիկայում կանցկացնի այդ մոդիֆիկացիայի փորձարկումների վերջնական փուլը, ինչից հետո այն կմատակարարվի Արկտիկայում տեղակայված ռուսաստանյան ստորաբաժանումներին: Պանցիր-Ս1-ը, պահպանելով իր հիմնական մարտավարատեխնիկական տվյալները, հատուկ հարմարեցված է շահագործմանը՝ եղանակային խիստ պայմաններում:
Հավելենք նաև, որ ռուսական արտադրության Պանցիր ԶՀՀՀ-ն նաև արտահանվում է: Այն արդեն ձեռք է բերել Արաբական Միացյալ Էմիրությունները, տարվում են բանակցություններ ևս մի քանի պետությունների հետ: