Առաջնագծում զոհված զինծառայողին կհուղարկավորեն Եռաբլուրում

«Արիության համար» մեդալ ստացած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին, ով զոհվել էր հունվարի 19-ին Արցախի հյուսիսարևելյան ուղղության մարտական դիրքում հակառակորդի դիվերսիայի ժամանակ մարտական խնդիր կատարելիս, հունվարի 22-ին ժամը 14։00-ին կհուղարկավորեն Եռաբլուրում։

Կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյան

Կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյան

Այս մասին Ռազմինֆոյին տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հուղարկավորությանը ներկա են լինելու ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ և զինվորականներ։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ 23:50 – 00:15 սահմաններում, Արցախում հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էին եղել։ Կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը զոհվել էր փոխհրաձգության ժամանակ ստացած հրազենային վերքից։

Հայկական կողմի տվյալներով՝ ադրբեջանցիները նվազագույնը 2 զոհ ունեն։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ռազմինֆոյին մեկնաբանել էր, որ հակառակորդի դիվերսիոն խումբը փախուստի դիմելիս առաջնագծում է թողել քարտեզներ, զինամթերք, տեխնիկա, պաշտպանական միջոցներ։

Չնայած որ Ադրբեջանի ՊՆ-ն կտրուկ հերքում է, որ զոհեր ու վիրավորներ ունի, այսօր հաստատել է՝ առաջնագծում գրանցվել են 4 վիրավորներ. 3 զինծառայող տուծել է ավտովթարից, մեկը՝ զենքի հետ անզգույշ վարմունքից։

Նկատենք նաև, որ առաջնագծում վիճակը լարված է եղել նաև հունվարի 20-ի գիշերը։ Հակառակորդը կրակել է շատ ավելի ինտենսիվորեն, քան սովորաբար լինում է։ Ադրբեջանի ստորաբաժանումների ակտիվությունը լռեցվել է պատասխան կրակով։

One response to “Առաջնագծում զոհված զինծառայողին կհուղարկավորեն Եռաբլուրում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *