Պակիստանում օրերս 2 խոշոր ահաբեկչություն է եղել. զոհվել են զինծառայողներ

Հունվարի 20-ին Պակիստանի Ռավալպինդի քաղաքում՝ զինված ուժերի գլխավոր շտաբի շենքի մոտ, ահաբեկչությունից զոհվել է 13 հոգի։ Հունվարի 19-ին Պակիստանում մեկ այլ ահաբեկչության պատճառով զոհվել էր 20 զինծառայող, 30-ը վիրավորվել էին։

Պակիստանի Ռավալպինդի քաղաք. լուսանկար՝ ահաբեկչության վայրից. աղբյուր՝ dawn.com

Պակիստանի Ռավալպինդի քաղաք. լուսանկար՝ ահաբեկչության վայրից. աղբյուր՝ dawn.com

Ինչպես հաղորդում է պակիստանյան DAWN.com լրատվակայքը, Ռավալպինդի քաղաքի պայթյունի զոհերի շարքում են պահեստային ուժերը համալրած մեկ սպա, ինչպես նաև 5 զինծառայող, մյուսները քաղաքացիական անձ են։ Այս պահի դրությամբ տեղեկացնում են 18 տուժածի մասին։ Գլխավոր շտաբի շենքին կից շուկա է տեղակայված, զոհվածների շարքում են այդ շուկայի վաճառականներն ու հաճախորդները, այդ թվում՝ երեխաներ։

Ահաբեկչությունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը՝ հեծանիվի վրա շենքին մոտենալով։ Ոստիկանության տվյալներով՝ ահաբեկիչը կիրառել է 5 կգ պայթուցիկ։ Ահաբեկչության պատասխանատվությունն արդեն ստանձնել է «Թալիբան» խմբավորումը։ Ավելին, «Թալիբանի» պակիստանյան ճյուղի խոսնակ Շահիդուլահ Շահիդը AFP լրատվական գործակալությանը հայտնել է, որ իրենց քայլը 2007-ին Կարմիր մզկիթում կոտորածի պատասխան վրեժն էր։

Հիշեցնենք, որ 2007-ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում կառավարական զորքերը գրոհել էին Կարմիր մզկիթում պատսպարված իսլամիստներին, սպանվել էր նվազագույնը 102 հոգի։

Հավելենք, որ հունվարի 19-ին Բաննա քաղաքում զինյալները պայթեցրել էին զինվորականների ավտոշարասյունը։ Պատասխանատվությունը կրկին ստանձնել էր «Թալիբանը»։

Փորձագետները ահաբեկչությունների շարքի պատճառ են հիշատակում նաև 2013-ի նոյեմբերին «Թալիբանի» պակիստանյան ճյուղի առաջնորդ Հաքիմուլլա Մեհսուդի սպանությունը։

Հարկ է նշել, որ «ալ Կաիդայի» տարբեր ճյուղեր վերահսկում են Պակիստանի հյուսիսարևմտյան շրջանների մեծ մասը։ Պաշտոնական Իսլամաբադն այս շրջաններում գրեթե ազդեցություն չունի։ ԱՄՆ իշխանությունների վարկածով՝ Աֆղանստանի ահաբեկիչները պատսպարվում են Պակիստանի լեռնային հատվածում, ուստի ամերիկյան անօդաչու թռչող սարքերը պարբերաբար օդային հարվածներ են հասցնում Պակիստանի տարածքի տարբեր օբյեկտներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *