Գերմանական ընկերությունը Բրազիլիայում զրահատեխնիկայի գործարան է կառուցում

Գերմանական KMW (Krauss-Maffei Wegmann) ընկերությունը Բրազիլիայում կառուցվող իր մասնաճյուղում կզբաղվի զրահատեխնիկայի նախագծման, արտադրության ու ընթացիկ սպասարկման, ինչպես նաև վերանորոգման աշխատանքներով։

Բրազիլիայի կենտրոնական մասի Սանտա-Մարիա քաղաքում կառուցվող գործարանը, ըստ vpk-news.ru կայքի, իր վրա կվերցնի Հարավային Ամերիկայում ընկերության արտադրանքի սպասարկումը, իսկ հենց Բրազիլիայում գործարան հիմնելը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2011-ից այդ երկրում գործում է ընկերության ներկայացուցչությունը, որը սպասարկում է բրազիլական զինված ուժերի Լեոպարդ-1Ա5 տանկերը։

Լեոպարդները, որոնք արտադրում է հենց KMW ընկերությունը, Բրազիլիայի զինված ուժերի տանկային սպառազինության հիմնական մասն են՝ 128 միավոր Լեոպարդ-1Ա5 ու 48 միավոր Լեոպարդ-1Ա1։ Բրազիլական ԶՈւ սպառազինության մեջ կան նաև KMW-ի արտադրության զրահապատ նորոգման-տարհանման, ինժեներական ու կամրջադիր մեքենաներ։

2011-ին Բրազիլիայի զինված ուժերը երկարաժամկետ պայմանագիր է կնքել KMW ընկերության հետ, որով ընկերությունը պարտավորվել է մինչև 2016-ի սեպտեմբեր նորոգել Բրազիլիայի ԶՈւ տանկերը, կատարել դրանց ընթացիկ սպասարկում, տրամադրել պահեստամասեր ու ուսուցանել անձնակազմերին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *