Սիրիայում սպանվել է Ադրբեջանից ևս 2 զինյալ. մեկը ենթադրաբար լեզգի է

Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են տեղեկացնել Սիրիայում սպանված ադրբեջանցի զինյալների մասին։ Այս անգամ տեղեկություններ են հայտնում ոմն 18-ամյա Նիջադի և «Սեյֆուլլահ լեզգիի» վերաբերյալ, որոնց իսկությունը ստուգելը դեռևս բարդ է։

18-ամյա զինյալ Նիջադի լուսանկարը՝ իսլամիստների խմբավորման ադրբեջանական քարոզչական էջից

18-ամյա զինյալ Նիջադի լուսանկարը՝ իսլամիստների խմբավորման ադրբեջանական քարոզչական էջից

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, հղում կատարելով, սակայն  չհիշատակելով «մոջահեդների» կայքերը, «Սեյֆուլլահ լեզգինը» մարտնչել է Բաշար Ասադի կողմնակիցների զորքերի դեմ «Ալ Նուսրայի ճակատ» իսլամիստական խմբավորման շարքերում, սպանվել է հունվարի 19-ին, Ադրբեջանի Գուսարի լեզգիաբնակ շրջանից է։ Դատելով մականունից և ծննդավայրից՝ ամենայն հավանականությամբ նա լեզգի է։ Նրա լուսանկարը բացակայում է։

Ինչ վերաբերում է մյուս զինյալին, ապա ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ նա 18 տարեկան էր, անունը Նիջադ էր, 2013-ին ընդունվել է բուհ, առաջին կուրսի դասընթացները թողել է և ուղևորվել Սիրիա։ Սպանվել է «մի քանի օր առաջ»։

Նկատենք, որ ԱՊԱ-ն չի նշում՝ որ խմբավորման անդամ էր Նիջադը։ Մեզ հաջողվեց պարզել, որ բացի ԱՊԱ-ից, սպանված զինյալի լուսանկարը զետեղված է Օդնոկլասսնիկի սոցցանցի՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղական իսլամիստական խմբավորման ադրբեջանական քարոզչական էջում, ընդ որում՝ 2013-ի դեկտեմբերի 23-ին, ուստի կարող ենք եզրակացնել՝ զինյալը սպանվել է առնվազն դեկտեմբերի 23-ին։ Նյութի կամ լուսանկարի այլ աղբյուր այս պահի դրությամբ չի հաջողվել գտնել։

Հետևելով ադրբեջանական մամուլին՝ 2014-ի հունվարի 1-ից մինչ օրս Ադրբեջանը Սիրիայում կորցրել է նվազագույնը 10 զինյալի։ Նրանք հիմնականում արմատական իսլամիստական խմբավորումների անդամներ են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *