Իրաքյան ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Վոլգոգրադի պայթյունների պատասխանատվությունը

Իրաքի «Անսար ալ-Սուննա» ահաբեկչական խմբավորումը իսլամական ծայրահեղականների կայքերում հաղորդագրություն է տարածել՝ ստանձնելով Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում 2013-ի դեկտեմբերի ահաբեկչությունների պատասխանատվությունը։

Վոլգոգրադի երկաթուղային կայարանը

Վոլգոգրադի երկաթուղային կայարանը

Ինչպես հաղորդում է «Կավկազսկի ուզել» լրատվակայքը, հունվարի 18-ին համացանցում տարածվել է նաև «Անսար ալ-Սուննա»-ի առաջնորդներից մեկի՝ Ումարի մասնակցությամբ տեսագրությունը, որտեղ վերջինս պնդում է, որ ահաբեկչության կազմակերպիչներն իրենց զինյալներն են։

Նշվում են պայթյուններն իրագործող երկու անձի անուններ՝ «Սուլեյման» և «Աբդուրահման»։ Ըստ տեսագրության՝ ահաբեկչական հարձակումներն իրականացվել են, երբ Հյուսիսային Կովկասում ինքնահռչակ իսլամիստական պետական կազմավորման՝ «Կովկասի Իմարաթ իսլամիստական պետության» ղեկավար Դոկու Ումարովը հայտարարել է, որ վերսկսում է Ռուսաստանի կառավարության դեմ ահաբեկչական գործողությունները։

Նկատենք, որ «Ասոշիեյթիդ պրես» (AP) միջազգային լրատվական գործակալության տվյալներով՝ տեսագրությունում ելույթ է ունենում «Վիլայաթ Դագեստան» խմբավորման առաջնորդը, իսկ խմբավորումը գործում է ոչ թե Իրաքում, այլ Հյուսիսային Կովկասում։ Համաձայն AP-ի՝ խմբավորումը քայլեր է ձեռնարկելու Սոչում օլիմպիական խաղերը խափանելու ուղղությամբ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հարկ է նշել, որ այս պահի դրությամբ հաստատապես ասել չենք կարող՝ որքանով են նշված տվյալները համապատասխանում իրականությանը, և արդյոք տեսագրությունում ելույթ ունեցողները «Վիլայաթ Դագեստան»-ի կամ «Անսար ալ-Սուննա»-ի անդամներ են։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 30-ին Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում տրոլեյբուսում պաթյունի հետևանքով մահացել է 14 հոգի, ևս 27 վիրավոր քաղաքի 5 բժշկական կենտրոններում են: Մեկ այլ պայթյուն էլ տեղի է ունեցել Վոլգոգրադի երկաթուղային կայարանում: Համաձայն վերջին տվյալների` այդ ահաբեկչության զոհ են 18 մարդ, ևս 40 հոգի վիրավորվել են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *