Նախիջևանից Սիրիա ժամանած 14-ամյա ադրբեջանցի զինյալ է սպանվել

Հունվարի 10-ին Սիրիայում նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների դեմ մարտերում զոհվել է ադրբեջանցի 14-ամյա զինյալ Նաջաֆ Քերիմովը։ Կառավարական զորքերի դեմ մարտերին մասնակցում է նաև Քերիմովի հայրը։

Նախիջևանից սերող 14-ամյա ադրբեջանցի զինյալ Նաջաֆ Քերիմովը

Նախիջևանից սերող 14-ամյա ադրբեջանցի զինյալ Նաջաֆ Քերիմովը

Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, հղում կատարելով Սիրիայի «մոջահեդների» կայքերին, սակայն դրանց անունները չհիշատակելով, գրում է, որ սպանվածի ընտանիքը ծագումով Նախիջևանի Շարուրի շրջանից է։

Հայտնի է նաև, որ Նաջաֆ Քերիմովը իր տիկնոջ և չորս երեխաների՝ 16-ամյա Իրադայի, 14-ամյա Նաջաֆի, 10-ամյա Սառայի ու 5-ամյա Ֆաթիմայի հետ Սիրիա է մեկնել 2013-ի ամռանը՝ ենթադրաբար զինյալների այս կամ այն խմբավորման շարքերում մարտնչելու։

Նկատենք, որ 14-ամյա պատանու սպանվելը քննարկման թեմա է դարձել Ադրբեջանում, քանի որ սա ադրբեջանական մամուլի առաջին հրապարակումն է Նախիջևանից Սիրիա մեկնած, այն էլ փոքր տարիքի զինյալի մասին: Մասնավորապես, ֆորումներում  ադրբեջանցիների՝ հաճախ որպես ահաբեկիչներ Սիրիա մեկնելու պատճառ են նշվում իսլամիստների վճարած մեծ գումարը, ծայրահեղ իսլամիստական հավատից բխող «սրբազան պատերազմի» մասնակից լինելու ձգտումը և «Արցախը հետ գրավելու պատերազմի բացակայության պայմաններում մարտական փորձ ստանալու կամ Արցախում պատերազմելու պատրաստակամությունը ինչ-որ տեղ սպառելու ցանկությունը»։

Այս խնդիրը քննարկում են նաև ադրբեջանցի փորձագետները, որոնք ևս որպես առիթ հիշատակում են վերոնշյալ հանգամանքները, սակայն հարցի լուծման տարբերակներ չեն առաջադրում։

Հետևելով ադրբեջանական մամուլին՝ 2014-ի հունվարի 1-ից մինչ օրս Ադրբեջանը Սիրիայում կորցրել է նվազագույնն 9 զինյալի։ Նրանք հիմնականում արմատական իսլամիստական խմբավորումների անդամներ են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *