Ժամանակ առ ժամանակ հայկական լրատվամիջոցները հաղորդում են Հայաստանում Իսկանդեր օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրի (ռուս՝ Искандер ОТРК) առկայության կամ հնարավոր մատակարարման մասին։ Ընդ որում, որպես համալիրի հասցեատեր է նշվում մերթ ՀՀ զինված ուժերը, երբեմն էլ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազան։
Նման հրապարակումներն ի սպառ զուրկ են վերլուծությունից և որպես կանոն ընթերցողի մոտ հաճախ ձևավորվում է անվերապահ վերաբերմունք հաղորդվող տեղեկատվության իսկության վերաբերյալ։ Վերջինս իր հերթին հանգեցում է տարածաշրջանում ռազմական բալանսի սխալ գնահատականին։ Ելնելով վերոնշյալից՝ կփորձենք ինքնուրույն վերլուծել Հայաստանում Իսկանդեր օպերատիվ մարտավարական հրթիռայինի համալիրի (ՕՄՀՀ) առկայության կամ հնարավոր մատակարարման հավանականությունը։
Ներկայումս կա Իսկանդեր ՕՄՀՀ-ի երեք տարատեսակ. Իսկանդեր-Է, Իսկանդեր-Մ և Իսկանդեր-Կ։ Նշված երեք մոդիֆիկացիաներից հստակ տեղեկություններ հայտնի են միայն Իսկանդեր-Է-ի վերաբերյալ, որը նախատեսված է արտահանման համար։ Արտադրող ընկերության կայքում հաղորդվում է, որ համալիրի սույն մոդիֆիկացիան կարող է խոցել թիրախները մինչև 280 կմ հեռավորության վրա (սույն հոդվածում մեզ հետաքրքրում է միայն խոցման հեռավորությունը)։
Իսկանդեր-Մ-ի և Իսկանդեր-Կ-ի վերաբերյալ շրջանառվում են իրարամերժ տվյալներ, սակայն համացանցում առկա է Իսկանդեր ՕՄՀՀ-ի բավական ամբողջական նկարագիր, որում հաղորդվող տվյալները բավական իրատեսական են։ Համաձայն այդ նկարագրի, Իսկանդեր-Մ ՕՄՀՀ-ի հրթիռն ունակ է խոցել թիրախները մինչև 400 կմ հեռավորության վրա (որոշ աղբյուրներում նշվում է 480 թիվը), իսկ Իսկանդեր-Կ-ի թևավոր հրթիռի թռիչքի հեռավորությունը 500 կմ է։ Հետագա վերլուծությունում որպես հիմք կընդունենք այս տվյալները։
Սույն վերլուծության մեջ կարևոր նշանակություն ունի հեռավորությունը, որը կարող է անցնել հրթիռը։ Այստեղ առանձնահատկությունը Ռուսաստանի՝ հրթիռային տեխնոլոգիաների վերահսկման ռեժիմին անդամակցումն է: Այդ ռեժիմի փաստաթղթերի համաձայն, անդամ երկրները պարտավորվում են չարտահանել հրթիռներ, որոնց թռիչքի առավելագույն հեռավորությունը գերազանցում է 300 կմ-ը։ Հենց այս պատճառով է ստեղծվել արտահանման համար նախատեսված Իսկանդեր-Կ-ն՝ 280 կմ թռիչքի հեռավորությամբ։
Հետևաբար լրատվամիջոցների այն հրապարակումենրը, որտեղ խոսվում է Հայաստանին Իսկանդեր-Մ ՕՄՀՀ-ի մատակարարման մասին, չեն կարող համապատասխանել իրականությանը։ Միևնույն ժամանակ Ռուսաստանն իրավունք ունի Գյուրմրիում տեղակայված իր 102-րդ ռամաբազան զինել ՕՄՀՀ-ներով, որոնց հրթիռի թռիչքի հեռավորությունը 500 կմ է, սակայն նման սպառազինության համալրումը կապված է նաև ռազմաքաղաքական հարցերի հետ, որոնց կանդրադառնանք ստորև։
Միևնույն ժամանակ լրատվամիջոցները, Իսկանդեր-Մ ՕՄՀՀ-ից բացի, հաղորդում էին նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի Տորնադո (ռուս.՝ Торнадо) համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով (ՀԿՌՀ) համալրման մասին։ Ուշագրավ է 2013-ի դեկտեմբերի վերջին շրջանառության մեջ դրված տեղեկությունը, համաձայն որի՝ Տոռնադո-Գ ՀԿՌԿ-ի սերիական արտադրությանը հիմք է դրվել հենց 2013-ին (ըստ մեր տեղեկությունների, Տորնադո-Գ ՀԿՌՀ-ն նախկինում սերիական արտադրության չի դրվել): Նույնիսկ եթե ընդունենք, որ Տորնադո-Գ ՀԿՌՀ-ի սերիական արտադրությանը հիմք է դրվել նախորդ տարվա սկզբին, միևնույնն է, իրատեսական չի կարող համարվել, որ այդ համակարգերը համալրել են 102-րդ ռազմաբազայի սպառազինությունը, քանի որ մինչ այժմ հայտնի չէ որևէ նախադեպ, երբ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան առաջինը կամ առաջիններից մեկը համալրվի ռուսական նորագույն սպառազինությամբ։
2013-ի դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազա այցելության ընթացքում նրան ցուցադրվեց սպառազինությունում առկա ռազմական ողջ տեխնիկան։ Սույն այցի ընթացքում արված լուսանկարների և տեսանյութերի հանգամանորեն ուսումնասիրումը ցույց է տալիս, որ ռազմաբազայում առկա բազմազան ռազմատեխնիկայի շարքում չկա ո´չ Տորնադո-Գ համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, ո´չ էլ Իսկանդեր-Մ օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր։
Նշենք ևս մեկ հիշարժան փաստ. իր գերագույն գլխավոր հրամանատարին ռազմաբազայի սպառազինությունում առկա զինատեսակները ներկայացնելիս գնդապետ Անդրեյ Ռուզինսկին նախագահին ուղեկցեց նաև Սմերչ (ռուս.՝ Смерч) համազարկային կրակի ռեակտիվ համակարգի մոտ: Հայ հասարակությունը մեկ տարի չէ, ինչ սպասում էր Հայաստանում Սմերչի առկայության հաստատմանը: Այս ողջ պատմության մեջ առանցքային է այն, որ գնդապետ Ռուզինսկին զեկուցեց ՌԴ նախագահին այն մասին, որ Սմերչ ՀԿՌՀ-ի արձակման երկու կայանը համալրել են ռազմաբազայի սպառազինությունը 2013-ի հունիսի մեկին: Ընդգծենք, որ խոսքն ընդամենը արձակման երկու կայանի մասին է, ինչը տվյալ զինատեսակի նվազագույն քանակն է, որը կարող է ապահովել արդյունավետություն:
Եվ սա այն դեպքում, երբ նախքան ռուսաստանյան 102-րդ ռազմբազա Սմերչ ՀԿՌՀ-ի մատակարարումը, այնտեղ հերթապահություն է կատարել Գրադ (ռուս.՝ Град) ՀԿՌՀ-ն և հետևաբար ռազմաբազայում եղել են անհրաժեշտ որակավորում ունեցող հրետանավորներ, որոնց հարկ էր միայն վերապատրաստել՝ Սմերչ կայանների պատճաշ շահագործումն իրականացնելու համար: Մինչդեռ Իսկանդեր համալիրի դեպքում՝ համապատասխան կադրեր ռազմաբազան չունի և այդ համալիրի շահագործումն ապահովող անձնակազմի պատրաստման համար անհրաժեշտ է զրոյից ստեղծել այդ ենթակառուցվածքը: Տրամաբանական է, որ Իսկանդերներով համալրվում են ռուսական բանակի հրթիռային այն ստորաբաժանումները, որոնք մինչ այդ զինված էին Տոչկա (ռուս.՝ Точка) մարտավարական հրթիռային համալիրներով:
Իսկանդերների կադրերի, տեխնիկական սպասարկման և պահպանման հետ կապված խնդիրներն ընթերցողին կարող են թվալ անէական, քանի որ վերջինս սովորաբար այս կամ այն հրթիռային զինատեսակն ընկալում է պարզապես որպես արձակման կայան: Սակայն, ինչպես կարելի է տեսնել ինֆոգրաֆիկայում, Իսկանդեր ՕՄՀՀ-ն բաղկացած է ռազմական մի շարք հատուկ տեխնիկայից: Այդ տեխնիկան պետք է պահպանվի հատուկ կայանատեղիներում: Դաշտային պայմաններում՝ տապի և սառնամանիքի դեպքում, մեկ սեզոնի ընթացքում համալիրի մաշվածությունը կկազմի շուրջ 50 տոկոս: Ի դեպ, այս հարցն անհանգստացնում է նաև ՌԴ պաշտպանության նախարարին: Իսկ արդյո՞ք Գյումրիի 102-րդ ռուսաստանյան ռազմաբազայում կան համապատասխան կայանատեղիներ: Քիչ հավանական է, իսկ առանց դրանց առկայության՝ Իսկանդերների հատկացումն այդ ռազմաբազային դառնում է է՛լ ավելի անհավանական։
Անհրաժեշտ է նաև ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Իսկանդերների արտադրությունը մինչ վերջերս ընթանում էր ոչ այնքան հարթ: Մայր գործարանն ունակ էր արտադրել օպերատիվ համալիրները միայն փոքր խմբաքանակով և աստիճանաբար: Դա հանգեցնում էր նրան, որ յուրաքանչյուր նոր խմբաքանակի մատակարարումը զինված ուժերին դառնում էր նշանավոր իրադարձություն և երբեմն հասարակությունն իմանում էր դրա մասին նախօրոք: Այդ պատճառով բավական ցածր է հավանականությունը, որ Գյումրիի 102-րդ ռազմաբազան կստանար այդ զինատեսակն ու դա կմնար աննկատ: Պատկերը սկսեց փոխվել միայն անցյալ տարի: 2013-ի հունիսի վերջին ՌԴ զինված ուժերն առաջին անգամ ստացավ Իսկանդերների բրիգադային ամբողջական համալրում (12 արձակման կայան): Նոյեմբերի կեսին ռուսական բանակը ստացավ բրիգադային երկրորդ համալրումը: Մինչ 2018-ը Ռուսաստանի զինված ուժերը տարեկան պետք է ստանա Իսկանդեր ՕՄՀՀ-ի երկու բրիգադային համալրում, որոնք հերթապահության կանցնեն հրթիռային բրիգադներում: Միևնույն ժամանակ, չկա որևէ տեղեկություն այն մասին, որ մինչ այդ ժամկետը ռուսական բանակի որևէ այլ ստորաբաժանում կստանա Իսկանդերներ:
Սակայն 102-րդ ռազմաբազայում Իսկանդերների բացակայությունը հավաստող ավելի ծանրակշիռ փաստարկ է այն, որ տվյալ ՕՄՀՀ-ները Ռուսաստանն օգտագործում է որպես հաղթաթուղթ՝ ԱՄՆ-ի կողմից Եվրոպայում՝ մասնավորապես Թուրքիայում, հակահրթիռային պաշտպանության տարրերի տեղակայման շուրջ տարվող բանակցություններում։ Հենց այս պատճառով է, որ Ռուսաստանը դեռևս ձեռնպահ է մնում Կալինինգրադի շրջանում Իսկանդերների տեղակայումից։ Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը կտեղակայի Իսկանդերները Հայաստանի ռազմաբազայում միայն այն դեպքում, երբ տապալվեն բանակցություններն ԱՄՆ-ի հետ, կամ ներկայիս Թուրքիայի Մալաթիա նահանգում տեղակայված ծանուցման ռադիոտեղորոշիչ կայանը չապամոնտաժվի։
Ինչպես տեսնում ենք, չկա որևէ ստույգ տեղեկություն՝ ռուսական 102-րդ ռազմաբազայում Իսկանդեր ՕՄՀՀ-ների առկայության վերաբերյալ։ Ավելին, բոլոր փաստերը խոսում են դրանց բացակայության և այն մասին, որ Հայաստանում տեղակայված ռուսաստանյան զորքերը չեն ստանա նման զինատեսակ ավելի վաղ, քան 2018-ը։ Միևնույն ժամանակ չի կարելի բացառել նաև որ ցուցադրական նպատակով 102-րդ ռազմաբազան կարող է համալրվել Իսկանդեր ՕՄՀՀ-ի օրինակ 2 արձակման կայանով։ Նման ցուցադրական օրինակի ականատես մենք արդեն եղել ենք, երբ ՌԴ նախագահին ներկայացվեցին Սմերչ ՀԿՌՀ-ի արձակման կայանները, որոնք մինչ այդ տեղակայված էին Հարավային ռազմական օկրուգում՝ Կրասնոդարի 1-ին հրթիռային բրիգադում։
Հիմնվելով վերոնշյալի վրա՝ կարելի է եզրակացություններ անել նաև Իսկանդեր ՕՄՀՀ-ի՝ հայկական զինված ուժերում առկայության մասին։
Նախ՝ մինչ այժմ Հայաստանը չէր կարող ունենալ Իսկանդեր ՕՄՀՀ։
Երկրորդը՝ Ռուսաստանը չի կարող Հայաստանին անհատույց հիմունքներով փոխանցել թանկարժեք զինատեսակ, որի կարիքն, այն էլ մեծ ծավալներով, ունի հենց ինքը։ Այո, Հայաստանը հաճախ է անվճար կամ գրեթե անվճար հիմունքներով Ռուսաստանից ստանում սպառազինություն և ռազմական տեխնիկա, բայց դա լինում է միայն այն դեպքում, երբ այդ ռազմական տեխնիկայից ռուսական բանակում առկա է մեծ քանակությամբ։
Երրորդը՝ ելնելով երկրորդից, Հայաստանը ստիպված է լինելու զգալի միջոցներ ծախսել Իսկանդերների ձեռքբերման համար։ Այո, Հայաստանը հանդիսանալով ՀԱՊԿ անդամ, օգտվում է արտոնություններից, որոնք ենթադրում են այդ կազմակերպության անդամ երկրների տարածքում արտադրվող սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերում շուկայականից ավելի ցածր գնով։ Սակայն նման դեպքում ևս, Իսկանդեր ՕՄՀՀ-ի գինը լինելու է այնպիսին, որը իրեն չի կարող թույլ տալ համեմատաբար համեստ ռազմական բյուջե ունեցող Հայաստանը։
Չորրորդը՝ Ռուսաստանը կարող է Հայաստանին մատակարարել միայն Իսկանդեր-Է ՕՄՀՀ-ն, որը համապատասխնաում է «Հրթիռային տեխնոլոգիաների վերահսկման ռեժիմի» պահանջներին։
Միևնույն ժամանակ գոյություն ունեն մի շարք հանգամանքներ, որոնք խոսում են այն մասին, որ մոտ ապագայում Հայաստանն, այդուամենայնիվ, ձեռք կբերի Իսկանդեր օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրներ։
Ներկայումս Հայաստանի սպառազինությունում առկա Էլբրուս (Սկադ) ՕՄՀՀ-ներն աստիճանաբար սպառում են իրենց շահագործման ժամկետը։ Հայաստանը արդիականացրել և արդիականացնում է համալիրների էլեկտրոնային բաղկացուցիչները, բայց անընդմեջ երկարաձգել արձակման կայանների և հրթիռների շահագործման ժամկետը, ամեն դեպքում, չի ստացվի։ Սկադերի փոխարինման մասին պետք է մտածել արդեն այսօր։ Ռուսաստանյան շուկայում առկա միակ արժանի փոխարինողը կարող է լինել Իսկանդերը։
Եվ այստեղ պետք է ուշադրություն դարձնել վերջին ժամանակներում տեղ գտած մի շարք իրադարձությունների վրա։
Առաջին իրադարձությունը ՀՀ Ազգային ժողովի կողմից 2013-ի դեկտեմբերին վավերացված համաձայնագիրն է՝ «Ռւոսաստանի և Հայաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման» վերաբերյալ։ Պետք է ենթադրել, որ այս համաձայնագիրը մոտ ժամանակներում կվավերացնի նաև ՌԴ պետդուման։ Այս համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում Հայաստանին անձամբ բանակցել ռուսաստանյան ռազմական գործարանների հետ՝ արտադրանքի գնի շուրջ։
Երկրորդ իրադարձությունն արդեն նշված՝ Իսկանդերների երկու բրիգադային համալրումն է, որ ստացել է ՌԴ զինված ուժերը։ Սա նշանակում է, որ մայր գործարանն ու մասնաճյուղերն արդեն սահմանել են արտադրության այնպիսի ծավալներ, որ հնարավոր կլինի ՌԴ ՊՆ-ին մատակարարել տարեկան երկու հրթիռային բրիգադ։ Սա իր հերթին հիմք է տալիս ենթադրելու՝ առաջիկա տարիներին արտադրանքի ծավալները կաճեն այն աստիճան, որ Հայաստանը կկարողանա պատվիրել Իսկանդեր ՕՄՀՀ-ի թեկուզ դիվիզիոնային խմբաքանակ։
Երրորդ իրադարձությունը Հայաստանի նախագահ Սերժ Սարգյանի՝ դեկտեմբերի 31-ին արված հայտարարությունն է, որը նա արեց սահմանապահ մարտական հենակետերից մեկում։ Նախագահ Սարգսյանն ասաց հետևյալը. ևս մեկ-երկու տարի և դուք բոլորդ կարող եք հպարտությամբ ասել, որ Հայաստանի տրամադրության տակ առկա են այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք չունեն Հայաստանից 20, 30, 40 անգամ ավելի մեծ պետությունները։ Կարծում ենք՝ մեծ է հավանականությունը, որ հայկական պետության ղեկավարը նկատի ուներ հենց Իսկանդեր ՕՄՀՀ-ն։
Այս կապակցությամբ ընթերցողի ուշադրությունը հրավիրենք ենք այն հանգամանքին, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումն իրականացվեց ՌԴ նախագահի՝ Հայաստան կատարած այցից մեկ օր հետո: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տված մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ, համաձայնագրերի վավերացման մասին հայտնեց անձամբ Սերժ Սարգսյանը: Իսկ ՕՄՀՀ-ների մատակարարումը կամ գնումն այնպիսի հարց է, որի վերաբերյալ որոշումները կայացվում են պետությունների բարձրագույն ղեկավարության մակարդակով:
Այս կերպ Սերժ Սարգսյանի ընդամենը մեկ ամիս անց արված հայտարարությունը հավանաբար կարելի է դիտարկել որպես տեղեկություն այն մասին, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն Հայաստանի զինված ուժերին Իսկանդեր-Է օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրի մատակարարման վերաբերյալ:
Pingback: Ռուսաստանի սպառազինության «Տոչկա» համալիրները փոխարինվելու են «Իսկանդերներով» | Ռազմ.info