Վիետնամի ռազմածովային ուժերը համալրվել են առաջին սուզանավով, որով էլ հիմք է դրվել երկրի ստորջրյա նավատորմին: Վարշավյանկա նախագծի Հանոյ սուզանավի վրա Վիետնամի ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) դրոշը բարձրացրել են հունվարի 15-ին: Այս մասին հաղորդում է վիետնամական Soha News լրատվակայքը:
Սուզանավի՝ ՌԾՈւ-ին հանձնման արարողությանը ներկա է եղել Վիետնամի ՌԾՈւ հրամանատար ծովակալ Նուգեն Վան Հիենը, ով հրամայեց Հանոյի անձնակազմին երբեք չիջեցնել դրոշը և չհանձնել սուզանավը թշնամուն:
Վիետնամն ունի պայմանագիր Սանկտ Պետերբուրգի նավաշինական գործարանի հետ՝ ընդհանուր առմամբ միավոր սուզանավ ստանալու վերաբերյալ: Հանոյ սուզանավը վիետնամական կողմին էր փոխանցվել 2013-ի նոյեմբերի 7-ին, իսկ մինչ այդ այն փորձարկումներ էր անցնում Կալինինգրադի Սվետլի նավահանգստում:
Վիետնամը և Ռուսաստանի Դաշնության միջև սուզանավերի գնման 1,8 միլիարդ ամերիկյան դոլար կազմող պայմանագիրը կնքվել է 2009-ին: 2014-ի հունվարի կեսին պատվիրատուն ստացել է պայմանագրով նախատեսված երկրորդ սուզանավը, իսկ մինչև տարվա վերջ մատակարարվելու է նաև երրորդը: Վիետնամի ՌԾՈւ-ին պատվիրված սուզանավերի մատակարարումը նախատեսվում է ավարտել 2016-ին:
Նշենք, որ Վարշավյանկա նախագծի սուզանավի անձնակազմը 52 հոգի է: Այն աշխատում է դիզելային-էլեկտրական շարժիչով, առավելագույն արագությունը 20 ծովային մղոն է, առավելագույն խորությունը՝ 350 մ: Սուզանավը կարող է առանց համալրման արշավի մեջ գտնվել 45 օր: Սպառազինությոնում ունի տորպեդներ և հականավային հրթիռային սարքավորումներ: Սուզանավի հակաօդային պաշտպանությունն իրականացվում է Իգլա և Ստրելա (ռուս.՝ Игла, Стрела) շարժական զենիթահրթիռային համալիրների միջոցով: