Մինչև 2018 թվականը Ռուսաստանի զինված ուժերը նախատեսում են իրենց բոլոր հրթիռային բրիգադներում «Տոչկա» և «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրները փոխարինելու են «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներով: Այս մասին ռուսաստանյան RusNovosti կայքին հայտնել է ՌԴ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետի տեղակալ, գեներալ-մայոր Ալեկսանդր Դրագովալովսկին:
Պաշտոնյայի խոսքով՝ դա արվում է Ռուսաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի (ՌԴ նախագահի) հրամանի համաձայն: Դրա համար զորամասերը ներկայում հատուկ պահպանման տեղամասեր են սարքավորում, որովհետև ըստ գեներալի՝ «Իսկանդեր» համալիրը բարդ տեխնիկա է, և դրա համար անհրաժեշտ են հատուկ պայմաններ (ջերմաստիճան, օդի խոնավություն և այլն):
Անհրաժեշտ պայմանների ապահովման դեպքում համալիրները կարող են ծառայության մեջ լինել մինչև 10 տարի, մինչդեռ դաշտային պայմաններում դրանք պահելու դեպքում ծառայության ժամկետը կկրճատվի մոտ երեք անգամ: Ահա թե ինչու «Իսկանդեր» համալիրներ ստացող ռուսաստանյան բոլոր զորամասերը նախապես պատրաստում են տեխնիկայի պահպանման տեղամաս են կառուցում:
Ինչ վերաբերում է «Տոչկա» և «Տոչկա-Ու» համալիրներին, ապա պաշտոնյան նշել է, որ դրանք բավական արդյունավետ զինատեսակներ են, սակայն դրանց ժամանակն անցնում է: Չնայած դրան՝ համալիրները պահվելու են պահեստներում, իսկ հետագայում հնարավոր է նաև վաճառվեն, եթե այդպես որոշի երկրի և զինված ուժերի ղեկավարությունը:
Ավելացնենք, որ «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, ինչպես նաև ամրաշինական կառույցների ու տնտեսական ենթակառուցվածքի ոչնչացման համար։ Նախագծված է համալիրի երեք մոդիֆիկացիա. «Իսկանդեր-Մ», «Իսկանդեր-Կ» և «Իսկանդեր-Է»։ Համալիրի՝ ՌԴ զինված ուժերում շահագործվող «Մ» մոդիֆիկացիայի արձակման կայանն օժտված է միաժամանակ երկու հրթիռով և ունի 500 կմ հեռահարություն։
Խորհրդային նախագծման 9Կ79 «Տոչկա» (9Կ79-1 «Տոչկա-Ու») մարտավարական հրթիռային համալիրը նախատեսված է հակառակորդի ենթակառուցվածքների, զրահատեխնիկայի և կենդանի ուժի խոցման համար։ Կախված մոդիֆիկացիայից, համալիրը կարող է խոցել թիրախները 15-ից 120 կմ հեռավորության վրա։
Ավելացնենք, որ «Տոչկա-Ու» հրթիռային համալիրներով սպառազինված են նաև Հայաստանի զինված ուժերը: Տևական ժամանակ տարբեր մակարդակներում նշվում է նաև, որ Հայաստանի զինված ուժերն ունեն նաև «Իսկանդեր» համալիրներ, սակայն այդ խոսակցությունները հաստատող որևէ փաստ դեռ չկա: