Ռազմինֆոն հայկական զինված ուժերի կազմավորման 22-ամյակին ընդառաջ ներկայացնում է իր հեղինակային շարքը: Մենք զրուցել ենք ռազմական բուհերում սովորող 22-ամյա ապագա սպաների հետ, ովքեր բանակի տարեկիցն են ու զինված ուժերի հիմնաքարերից մեկը:
Այսօրվա մեր զրուցակիցը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 4-րդ կուրսի սերժանտ, մոտոհրաձիգ Նաիրի Բրոյանն է: Նա 22 տարեկան է, ծնվել է 1992 թվականի հունվարին:
—Երբ դպրոցն ավարտում են, շատերը մտածում են այնպիսի մասնագիտություն ընտրեն, որ օրվա մի մասը տանը լինեն, ընտանիքի հետ: Դուք ինչպե՞ս կայացրիք այդ որոշումը:
Որոշումս ինքնուրույն եմ կայացրել: Մանկական երազանք էր: Ամենաշատը համազգեստն եմ սիրել: Երբ արդեն հնարավորություն կար, չհրաժարվեցի:
—Մանկական երազանքից խոսեցիք, իսկ մանկության «զինվորն» ի՞նչ ուներ:
Դե ասացի, որ համազգեստը սիրում էի: Փոքր ժամանակ էլ սենյակումս շատ զենք ունեի`դե խաղալիք (ժպտում է):
—Հավաքածուն պահո՞ւմ եք:
Չէ, կորցրել եմ: Բարեկամներին եմ տվել, բակի երեխաներին, այստեղ խաղալիքներին մարտական զենքերն են փոխարինում:
—Ընտանիքում որոշմանն ընդդիմացողներ չկայի՞ն:
Այնպես էր, որ հորեղբորս տղան էլ էր այստեղ սովորում, ու ոչինչ չասացին: Սա տղայի համար է, պետք է ամեն ինչ էլ հաղթահարես:
—Զինվորականի հետագա կյանքն ինչպե՞ս եք պատկերացնում:
Համեմատած նախորդ տարիների հետ՝ մեր զինված ուժերի վիճակն ավելի լավ է, ապագա կա: Ես որ այդպես եմ տեսնում:
—Ձեզ սպայի կարգավիճակում արդեն զգո՞ւմ եք:
Եթե անկեղծ, ես ինձ որոշակիորեն պատկերացնում եմ: Հոգեբանորեն պատրաստ եմ, գիտակցում եմ այդ ամենը, թե իմ հետագա կյանքն ինչպես եմ պլանավորելու:
—Ինքներդ Ձեզ հարց տվել եք, թե`«ինչո՞ւ եմ ես սպա դառնալու»:
Այնպես չէ, որ գալիս ես այստեղ գումար վաստակելու: Գումար վաստակել ամեն տեղ էլ կարող ես: Աշխատանք գտնելու հնարավորություն ունես` մի քիչ պակաս կամ ավել: Ես հնարավորություն ունեի գնալ արտագնա աշխատանքի, բայց Հայաստանում ավելի լավ է: Երբ հագնում ես սա (ցույց է տալիս համազգեստը), արդեն պարտավորեցնող է:
—Աշխարհի շատ բանակներում ընդունված է ծառայություն գումարի դիմաց: Մեզ մոտ մի քիչ տարբեր է: Մեր զինծառայողների հոգեբանությունն այս հարցում կարծես թե այլ է: Ճի՞շտ եմ հասկացել:
Իմ ընտանիքը, քո ընտանիքն ընդհանուր հայրենիքն է, չէ՞: Ես առաջնահերթ գնում եմ իմ ընտանիքի համար, բայց նրանց կողքին նաև այլ ընտանիքներ կան: Թշնամու դիմաց կանգնած չես ասելու` «Սա իմ ընտանիքն է, ձեռք չտաս»: Սա է հայրենիքը: Մեզ մոտ գաղափար կա:
—Որտե՞ղ կուզենաք շարունակել ծառայությունը:
Միանշանակ սահմանային զորամասում և դիրքերում:
—Շատերը խուսափում են դիրքային ծառայությունից: Հետաքրքիր է` Ձեզ ի՞նչն է ձգում:
Մարդիկ, ովքեր հրաժարվում են, վախի զգացումից է: Վախենում են, որ եթե ինչ-որ բան սկսվեց, առաջին գնացողն իրենք են լինելու: Հետո մտածում են, որ դե քաղաքային զորամասում կծառայեմ, ժամը 6-ին գործս կավարտվի, տուն կգնամ: Եթե ծառայում ես, պետք է առաջին գծում ծառայես:
—Զինծառայողներ կան, որ ասում են` «Ո՞ւմ համար ծառայել».. երբևէ այդ հարցը ինքներդ Ձեզ տվե՞լ եք:
Չէ, իմաստ չկա: Ես եթե այս ծառայության մեջ եմ, ուրեմն պետք է ամեն ինչով էլ անցնեմ:
—Կա՞ ինչ”որ բան, որ չպետք է անի սպան:
Սպան առաջին հերթին պետք է լինի մարդ, այս համազգեստի տակ առաջին հերթին պետք է մարդ լինի և հետո նոր զինվորական: Այլ բան չեմ կարող առանձնացնել:
—Երբևէ դիրքերում եղե՞լ եք:
Այո, 14 օր դիրքերում ստաժավորում եմ անցել: Սպաների հետ էինք առաջին անգամ: Բնականաբար կրակոցներ եղան, մի ժամանոց սերիա էր (ժպտում է): Առաջին գիշերը չքնեցի, երկրորդ գիշերը չքնեցի: Գրաֆիկս այնպես էի կարգավորել, որ առավոտյան քնում էի, գիշերը արթուն մնում: Քնելիս էլ մի աչքս բաց էր:
—Ի՞նչ դեր ունի ֆիզիկական պատրաստությունը սպայի ու ընդհանրապես զինվորականի կյանքում ու աշխատանքում:
Սպան պետք է լինի ֆիզիկապես ուժեղ, պատրաստված: Եթե թույլ լինես, չես կարող զենքը ձեռքդ կանգնել հակառակորդի դիմաց: Բացի այդ, սպան պետք է խելացի լինի, որ ամեն իրավիճակում կարողանա կողմնորոշվել:
—Սիրած զենք ունե՞ք:
Ամենաշատը սիրում եմ ՊԿ գնդացիրը, ԱԿ-74 ինքնաձիգը:
—Ո՞վ եք բանակի համար: Ո՞րն է Ձեր առաքելությունը:
Ես այն մարդկանցից եմ, որ պարտավոր եմ պաշտպանել հայրենիքս:
—Այսքան խոսեցինք բանակից ու ծառայությունից, կասեք`ի՞նչ զգացողություն ունեք, որ Դուք և մեր զինված ուժերը նույն տարիքին եք:
Դե ես էլ եմ 22 տարեկան, բանակն էլ: Բանակին հավասար ապրում ենք էլի: (Ժպտում է)
Զրուցեց՝ Հասմիկ Մելիքսեթյանը
Նկարները` Սոսե Մուրադյանի
Հատուկ շնորհակալություն ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամանատարությանը` շարքի պատրաստմանն աջակցելու համար: