Սինգապուրը պատրաստվում է պայմանագիր կնքել ԱՄՆ-ի հետ, որի միջոցով կարդիականացնի իր F-16 կործանիչները։ Թեև հայտնի չէ, թե քանի ինքնաթիռ են արդիականացնելու սինգապուրցիները, բայց արդիականացման համար նրանք պատրաստվում են վճարել շուրջ 2,43 մլրդ ԱՄՆ դոլար։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը այս մասին հայտնել է ԱՄՆ կոնգրեսին։
«Ջեյնս» ռազմական հանդեսի տվյալներով՝ արդիականացման արդյունքում ինքնաթիռների օդաչուները կստանան սաղավարտի վրա ամրացվող էկրաններ, որոնք կկարողանան թիրախը նշանառության տակ վերցնել օդաչուի հայացքի միջոցով։ Եթե Կոնգրեսը հաստատի պայմանագիրը, ապա ամերիկյան կողմը Սինգապուրին կփոխանցի նաև ավիառումբեր, որոնց միջոցով կճշգրտվեն կործանիչների նշանառության համակարգերը։
Ներկա պահին Սինգապուրի զինված ուժերի կազմում կա 74 միավոր F-16 Fighting Falcon, որոնք երկիրը ձեռք է բերել 1990-ականների վերջին ու 2000-ականների սկզբին։ Կործանիչների արդիականացումը թույլ կտա երկարացնել դրանց շահագործման ժամկետը, ինչն էլ անհրաժեշտ է Սինգապուրի զինվորականներին։ Դրա շնորհիվ նրանք կհետաձգեն F-35 Lightning-2 կործանիչների գնման մտադրությունը։
ԱՄՆ-ին այս գործարքը ձեռնտու է այնքանով, որ նրան մտահոգում է Չինաստանի դիրքերի հզորացումը տարածաշրջանում ու աշխարհում։ Սինգապուրի ու մյուս երկրների հետ ռազմական համագործակցությունը խորացնելը թույլ է տալիս ԱՄՆ-ին պահպանել իր դիրքերն Ասիայի հարավարևելյան տարածաշրջանում։
Մյուս կողմից Չինաստանը փորձում է ընդլայնել իր ռազմական համագործակցությունը տարբեր երկրների հետ ու նպատակաուղղված գնում է կարևոր ու առանցքային աշխարհագրական դիրք զբաղեցնող երկրների հետ համագործակցության։ Սրա վառ վկայություն է Չինաստանի՝ նախօրեին հայտնի դարձած մտադրությունը, որով չինական կողմը պատրաստվում է Հորդանանին փոխանցել ռազմական դրամաշնորհ՝ պայմանով, որ այդ գումարը Հորդանանը կծախսի չինական արտադրության ռազմական տեխնիկա գնելու համար։