ՌԴ-ում ադրբեջանցին մեղավոր է ճանաչվել ծայրահեղական գաղափարներ տարածելու համար

Ռուսաստանի Մուրմանսկի շրջանի դատախազության հավաքագրած տվյալները դատարանը բավարար է համարել Ադրբեջանի քաղաքացի Ուլվի Ջաբարովին թշնամանքի և ծայրահեղական գաղափարների տարածման հոդվածներով մեղավոր ճանաչելու համար։

Համաձայն հետաքննության տվյալների՝ Ջաբարովը, 2011-ի հոկտեմբերի 31-ից մինչև 2012-ի հունվարի 17-ն ինտերնետ ակումբների համակարգիչները կիրառելով, սոցցանցերում «ջիհադի» կոչեր է տարածել՝ տեսանյութերի տեսքով։ Նրան ձերբակալել են 2013-ի հունիսի 29-ին։

Ձերբակալությունից հետո իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություն են կատարել կասկածյալի բնակարանում՝ հայտնաբերելով ծայրահեղական իսլամիստական բովանդակության գրականություն։

Հավելենք, որ Ջաբարովին դատապարտել են 1 տարի 9 ամիս ուղղիչ աշխատանքների, որոնց վարձատրության 10 տոկոսը պետական պահումների է հատկացվելու։

Նկատենք նաև, որ վերջին շրջանում մեծ թիվ են կազմում ադրբեջանական մամուլում տարածված լուրերը Սիրիայում սպանված ադրբեջանցի զինյալների մասին, որոնց մեծ մասը ևս ծայրահեղական իսլամիստական գաղափարների հետևորդներ են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *