Եգիպտոսում սահմանադրական հանրաքվեի ժամանակ 10 մարդ է սպանվել

Եգիպտոսում հունվարի 14-ին ու 15-ին ընթացող սահմանադրական հանրաքվեի առաջին օրը բախումներ են եղել ոստիկանության ու «Մուսուլման եղբայրներ» խմբավորման զինյալների միջև։ Եգիպտոսի ամբողջ տարածքում բախումների զոհ է դարձել 10 մարդ։

Չնայած լարված վիճակին՝ Եգիպտոսի բնակիչները հերթ են կանգնում Սահմանադրության հանրաքվեին մասնակցելու համար

Բախումների պատճառն այն է, որ «Մուսուլման եղբայրները» բոյկոտում ու խոչընդոտում են Եգիպտոսի սահմանադրական հանրաքվեն, որի ընդունումը լայն իրավասություններ կտա զինվորական ղեկավարությանն ու երկրի խորհրդարանին, փոխարենը կկրճատի իսլամական կրոնի ու եկեղեցու իրավունքները։

Բախումների արդյունքում 4 մարդ սպանվել է Կահիրեի արվարձաններում, երբ «Մուսուլման եղբայրները» փորձել են խոչընդոտել հանրաքվեի ընթացքը։ Նրանց դիմադրություն է ցույց տվել տեղի բնակչությունը, իսկ հետո նրանց չեզոքացրել են Եգիպտոսի ոստիկանության ու զինված ուժերի ներկայացուցիչները։

Եվս մեկ զինյալի սպանել են Կահիրեից հարավ Բենի Սուեյֆ քաղաքում, երբ զինյալները փորձել են գրավել ընտրատեղամասերից մեկը։ Եվս 4 մարդ զոհվել է Եգիպտոսի հարավի Սոհագ քաղաքում։ Պաշտոնական վարկածով նրանք զոհվել են «Մուսուլման եղբայրների» կրակից, սակայն մեկ այլ վարկածի համաձայն իրավապահ մարմիններն են կրակել զինյալների վրա։

Բացի այդ, Կահիրեի ընտրատեղամասերից մեկում ռումբ է պայթել, սակայն զոհեր չեն եղել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *