Չինաստանը Հորդանանին գումար է տրամադրում սպառազինություն գնելու համար

Չինաստանը մտադիր է Հորդանանին 4,9 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ տրամադրել, որով Հորդանանը պարտավորված կլինի գնել չինական արտադրության ռազմական տեխնիկա։

Չինաստանն իր առաջարկի մասին հայտնել է Հորդանանում 2013-ի դեկտեմբերին կայացած բանակցությունների ժամանակ։ Այս մասին հայտնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։  Բանակցություններից հետո երկու կողմերը համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն՝ Չինաստանն ու Հորդանանն ընդլայնում են իրենց ռազմական համագործակցությունը։

Մինչ այդ երկու երկրները 2012-ին կնքել են երկու երկրների զինված ուժերի համագործակցության պայմանագիր, իսկ 2013-ին անցկացրել են հակաահաբեկչական համատեղ զորավարժություն։

Օժանդակություն տրամադրելով Հորդանանի զինված ուժերին՝ Չինաստանը փորձում է ընդլայնել իր ռազմական արտադրանքի վաճառքի շուկան։ Հետագայում էլ ռազմական տեխնիկա գնելիս Չինաստանից օգնություն ստացած երկրները շատ հնարավոր է, որ նորից դիմեն հենց Չինաստանին՝ փորձելով միօրինակ պահել իրենց զինված ուժերի սպառազինությունը։

Բացի այդ չինական կողմը փորձում է ավելացնել իր ազդեցությունը զարգացող երկրների վրա։ Ընդ որում՝ առաջնահերթ Չինաստանը փորձում է օգնություն տրամադրել հատկապես աշխարհագրական կարևոր դիրք զբաղեցնող երկրներին։

Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի»  տվյալներով՝ Հորդանանը 2003-ից սկսած մի շարք զինատեսակներ է գնել Չինաստանից։ Մասնավորապես հենց 2003-ին Հորդանանը գնել է 150 միավոր W-86 120 մմ-անոց ականանետներ՝ ընդհանուր գինը՝ 15 մլն ԱՄՆ դոլար։ 2006-ին գնել է 1275 միավոր PPT-89 60 մմ-անոց ականանետներ՝ դրանց համար վճարելով 130 մլն ԱՄՆ դոլար։ Նույն 2006-ին գնել է 375 միավոր WW-90 60 մմ-անոց ականանետներ՝ վճարելով 40 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2007-ին գնել է 12 միավոր WM-120 273 մմ-անոց համազարկային կրակի ռեակտիվ կայաններ (ՀԿՌՀ)՝ 100 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գնով։ Վերջիններս Հորդանանին տրամադրվել է 2008-2009 թվականների ընթացքում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *