ԱՄՆ ոստիկանությունը գնել է ԶՈւ «ավելորդ» զրահափոխադրիչը

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորթ Փիրս քաղաքի ոստիկանները 2000 ԱՄՆ դոլարով գնել են ԶՈւ սպառազինության MRAP դասի զրահամեքենան, որի արժեքը շուրջ 700 000 ԱՄՆ դոլար է

Պատճառն այն է, որ զինված ուժերում մեքենան հաշվվել է որպես ավելորդ, իսկ օրենսդրությունը ԱՄՆ զինված ուժերին թույլ է տալիս ավելորդ տեխնիկան հանձնել ոստիկանությանը։

Օգտվելով օրենքի դրույթներից` ոստիկանությունը գնել է քիչ օգտագործվող մեքենան սեփական կարիքների համար, մասնավորապես, հատուկ նշանակության ստորաբաժանման (SWAT) համար։ Մեքենայի երթի քանակը եղել է ընդամենը 8000 կմ։ Ոստիկանները հույս ունեն, որ զրահապատ մեքենան հանցագործների դեմ օգտագործելու կարիք չի լինի, ու այն կօգտագործեն անձնակազմի տեղափոխման ու փրկարարական աշխատանքների համար։

Հիշեցնենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ զինված ուժերի հրամանատարությունը դուրս է գրելու երկրի սպառազինության շուրջ 16 հազար MRAP տիպի զրահամեքենաների համարյա կեսը, ինչը հիմնավորվում էր դրանց պահպանման ու սպասարկման ծախսատար լինելով։ Առիթից օգտվելով՝ ԱՄՆ ոստիկանությունը կարող է բազմաթիվ նմանատիպ մեքենաներ գնել։

MRAP (Mine-Resistant Ambush Protected – Ականային պայթյուններից ու դարանից հարձակումներից պաշտպանված) զրահապատ մեքենաները հիմնականում նախատեսված են զինված խմբավորումների դեմ մարտերի համար։ Այս առումով այն բավական օգտակար կլինի ոստիկաններին։

Այս դասի զրահամեքենաների հիմնական առանձնահատկությունը V-աձև հատակն է։ Հատակի նման կառուցվածքի շնորհիվ ականի պայթյունի դեպքում հարվածային ալիքը հատակի ներքևի հատվածում կիսվում է երկու մասի ու բաժանվում՝ նվազեցնելով ուժգնությունը ու թեքելով ուղղությունը։ Արդյունքում հարվածային ալիքի ազդեցությունը մեքենայի վրա շատ թույլ է լինում, ու մեքենան պահպանում է աշխատունակությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *