Իսրայելի պաշտպանության նախարարը կոշտ պատասխան է տվել Ջոն Քերիին

Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնը բավականին կտրուկ է արձագանքել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի՝ պաղեստինցիների հետ խաղաղություն հաստատելու առաջարկին՝ շեշտելով. «առաջարկը չունի նույնիսկ այն թղթի գինը, որի վրա գրված է»:

Մոշե Յալոն և Ջոն Քերի

Մոշե Յալոն և Ջոն Քերի

Ynews.com իսրայելական կայքի փոխանցմամբ՝ Յալոնը չի խուսափել նաև պետքարտուղարի մասին սեփական տեսակետն արտահայտելուց՝ Քերիին որակելով «միամիտ և տաղտկալի»:

«Քերին լիովին այլ դրդապատճառներ ունի: Նա տարված է անհասկանալի կպչուն գաղափարներով և մեսիական զգացումներով: Ի՞նչ կարող է Քերին սովորեցնել ինձ պաղեստինցիների հետ հարաբերությունների ասպարեզում: Ես քաջատեղյակ եմ պաղեստինցիների հոգեբանությունից և գիտակցում եմ, թե ինչ են նրանք իրականում պատրաստվում անել: Հուսով եմ՝ Քերին կստանա իր Նոբելյան խաղաղության մրցանակն ու մեզ հանգիստ կթողնի»,-հեգնել է նախարարը:

Յալոնի կարծիքով՝ սահմանների անվտանգության հարցում ամերիկյան իշխանությունների առաջարկները չեն հանգեցնի ո՛չ խաղաղության, ո՛չ անվտանգության, իսկ Իսրայելի անվտանգության երաշխիքը եղել և մնում է իսրայելական ռազմական ներկայությունը Հորդանան գետի հովիտում:

Յալոնը թերևս նկատի ուներ Քերիի՝ Հորդանանի հովտից իսրայելական ուժերի դուրսբերմանը վերաբերող առաջարկը: 2013-ի մարտից Քերին շուրջ 10 անգամ այցելել է Մերձավոր Արևելք՝ Իսրայելի և Պաղեստինի հակամարտությանը խաղաղ լուծումներ առաջադրելով: Ըստ ամերիկյան ծրագրի՝ երբ իսրայելական զորքերը դուրս գան Հորդանանի հովտից, պաղեստինյան ուժերը պետք է վերահսկեն տարածքը, որոնց աջակցելու են միջազգային խաղաղապահ զորքերը:

Սա այն ամենն է, ինչ հայտնի է իսրայելցիների և ԱՄՆ-ի երկկողմ բանակցություններից, քանի որ ԱՄՆ-ն պնդում  է, որպեսզի քննարկումների արդյունքները դեռևս չհրապարակվեն:

Հավելենք, որ 2013-ի մարտին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպել էր թե՛ իսրայելական, թե՛ պաղեստինյան կողմերի հետ: Այս հանդիպումները, ըստ էության, շոշափելի առաջխաղացում չեն գրանցել՝ դատելով դրանց վերաբերյալ հպանցիկ անդրադարձներից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *