Դեկտեմբերի 25-ին հրապարակվել է Ադրբեջանում ՊՆ զորամասերից մեկի պարենային ծառայության պետի օգնական, կապիտան Մուսաև Ջեյհուն Էլեդդին օղլուի և նույն զորամասի պարենային ծառայության պետ, փոխգնդապետ Փափախով Մուսա Շեհմիր օղլուի գործով դատավճիռը:
Ընդ որում, փոխգնդապետ Փափախովին դատապարտել են 3 տարի ազատազրկման, իսկ կապիտան Մուսաևին՝ 3 տարի պայմանական:
Երկու զինվորականներն էլ մեղադրվում են նախօրոք ծրագրելու արդյունքում զորամասի՝ 111 հազար ԱՄՆ դոլար (87186.79 ադրբեջանական մանաթ) ընդհանուր արժողությամբ պարեն յուրացնելու համար:
Նշենք, որ յուրացման փաստը հայտնաբերվել է Ադրբեջանի ֆինանսների նախարարության ֆինանսների պետական վերահսկման ծառայության կողմից՝ 2009-2011 թվականների ընթացքում պետական բյուջեից զորամասին կատարված հատկացումների ստուգման հետևանքով:
Հայտնի է նաև, որ 2011-ի սեպտեմբերի 3-ին հանցանքի հետքերը կոծկելու նպատակով մեղադրյալներն այրել են հանցակազմը հաստատող մի շարք փաստաթղթեր:
Դեռևս ընթացիկ տարվա հուլիսի 4-ին պարենային ծառայության պետի և վերջինիս օգնականի նկատմամբ առաջադրվել էին մեղադրանքներ՝ քրեական օրենսգրքի 179 հոդվածի երկրորդ և երրորդ կետերով, 313 հոդվածով և 326 հոդվածի առաջին մասով:
Հավելենք, որ համաձայն ադրբեջանական մամուլի՝ մեղադրող կողմը հիմքեր ունի կասկածելու՝ զինվորականները սեփականացրած գումարի մի մասը պահում են բանկերում, ուստի դատարանը թույլտվություն է տվել՝ ստուգելու բոլոր բանկերում մեղադրյալների անունով հաշվի առկայությունը և դրանց հետ կապված բոլոր ֆինանսական շարժերը:
Զինվորականները չեն ընդունում իրենց մեղքն ու պատրաստվում են բողոքարկել դատավճիռը: