ԱՄՆ ռազմածովային ուժերը V-22 Osprey (Օսփրի) կոնվերտոպլանների գնման երկարաժամկետ պայմանագիր է կնքել դրանք արտադրող Bell-Boeing (Բել-Բոինգ) ընկերության հետ։
6,5 միլիարդ ԱՄՆ դոլար արժեքով պայմանագրի համաձայն՝ արտադրողը 5 տարիների ընթացքում (2013-2017) պարտավորվում է արտադրել ու ԱՄՆ զինված ուժերին հանձնել 100 միավոր Osprey կոնվերտոպլաններ։ Ընդ որում՝ այդ կոնվերտոպլաններից 93 միավորը կլինեն MV-22 ու կտրվեն ԱՄՆ ծովային հետևակի կորպուսին, իսկ մնացած 7 միավորը կլինեն CV-22 ու կտրվեն ԱՄՆ ռազմաօդային ուժերին։
Ամերիկյան V-22 Osprey կոնվերտոպլանը «ինքնաթիռային» (պտուտակները հորիզոնական) դիրքով
Երկարաժամկետ պայմանագիրը թույլ է տալիս նախապես ֆինանսավորել արտադրողին ու դրա շնորհիվ բավական գումար խնայել։ Նախնական տվյալներով` ԱՄՆ զինուժը այս պայմանագրի արդյունքում կխնայի շուրջ 1 մլրդ ԱՄՆ դոլար՝ համեմատած նրա հետ, եթե ամեն տարի նոր պայմանագիր կնքեր։
Նշենք, որ սա կոնվերտոպլանների գնման երկրորդ պայմանագիրն է, որ կնքվել է ԱՄՆ զինուժի ու Bell-Boeing ընկերության միջև։ Նախորդ պայմանագրով՝ ծովային հետևակը ստացել է 19 միավոր MV-22, իսկ ռազմաօդային ուժերը ստացել 3 միավոր CV-22 կոնվերտոպլաններ, նշված պայմանագրի արժեքը եղել է 1,3 մլրդ ԱՄՆ դոլար։
Հիշեցնենք, որ դեռևս 2013-ի հոկտեմբերին Իսրայելը 6 միավոր կոնվերտոպլան գնելու պաշտոնական հայտ ներկայացրեց ԱՄՆ-ին, իսկ արդեն 2013-ի նոյեմբերին Պենտագոնը հայտարարեց, որ պատրաստվում է 6 միավոր կոնվերտոպլաններ հատկացնել Իսրայելին։
Կոնվերտոպլանը օդաչուավոր թռչող սարք է, որի պտուտակները շրջվող են ու կարող են հորիզոնական դիրքից անցնել ուղղահայաց դիրքի և հակառակը։ Դրա շնորհիվ կոնվերտոպլանը օդ է բարձրանում ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական թռիչքով։ Այս հանգամանքը թռչող սարքին թույլ է տալիս արագ թռչել ինքնաթիռային ռեժիմով ու դեսանտ կամ տեխնիկա իջեցնել ինքնաթիռների համար անհասանելի տեղերում ուղղաթիռային ռեժիմի շնորհիվ։
V-22 Osprey ամերիկյան կոնվերտոպլանը ներկայումս միակն է, որ սերիական արտադրության է։ Այն նախագծվել է շուրջ 30 տարի, իսկ սպառազինության վերցվել է 2005-ին։ Կոնվերտոպլանի անձնակազմը 3 կամ 4 մարդ է՝ կախված արդիականացումից, կարող է տեղափոխել մինչև 24 դեսանտային։