Լեհաստանը կգնի իտալական ուսումնամարտական ինքնաթիռներ

Լեհաստանի պաշտպանության նախարարությունն ամփոփել է AJT մրցույթի արդյունքները, որը հայտարարվել էր ուսումնամարտական ինքնաթիռների ձեռքբերման համար։ Մրցույթի հաղթող է ճանաչվել իտալական Alenia Aermacchi (Ալենիա Աերմակի) ընկերությունը։ Հաղթող ընկերության հետ պայմանագիրը նախատեսվում է ստորագրել արդեն հաջորդ տարվա սկզբին։ Այս մասին հայտնում է Jane’s ռազմական հանդեսը։

Գործարքի արժեքը գնահատվում է 385 միլիոն ԱՄՆ դոլարի սահմաններում։ Հաղթող ընկերությունը Լեհաստանին կվաճառի M-346 Master (Մ-346 Մասթըր) ուսումնամարտական 8 ինքնաթիռ։ Բացի ինքնաթիռների վաճառքից, պայմանագրով նախատեսվում է նաև դրանց հետագա տեխնիկական սպասարկումը։

Մ-346 Մասթըր

Մ-346 Մասթըր

Նախատեսվում է, որ ուսումնամարտական առաջին ինքնաթիռները Լեհաստանին կմատակարարվեն արդեն 2015 թվականին։ Լեհական օդուժը դրանք օգտագործելու է F-16 կործանիչների օդաչուների վարժանքների համար։

Ի սկզբանե Լեհաստանի ՊՆ-ն նախատեսում էր ուսումնամարտական ինքնաթիռների գնման նպատակով տրամադրել մոտ 500 միլիոն ԱՄՆ դոլար, սակայն 2013-ի նոյեմբերին AJT մրցույթի պայմաններում կատարվեցին փոփոխություններ և այդ թիվն իջեցվեց 100 միլիոն դոլարով։ Պայմաններում փոփոխություններ կատարելուց հետո պարզ դարձավ, որ գնային նոր պահանջներին համապատասխանում է միայն իտալական Ալենիա Աերմակի ընկերության առաջարկը։ Մրցույթին մասնակցում էին նաև բրիտանական BAE Systems և ամերիկա-կորեական Lockheed Martin/KAI ընկերությունները՝ համապատասխանաբար Hawk և T-50 Golden Eagle ինքնաթիռներով։

Ուսումնամարտական նոր ինքնաթիռները լեհական ՌՕՈւ-ում փոխարինելու կգան TS-11 Iskra ինքնաթիռները, որոնք Լեհաստանի սպառազինությունում են դեռևս 1964-ից։ Ներկայումս Լեհաստանի ավիապարկը համալրված է այս տեսակի 47 միավոր ինքնաթիռով։

Նշենք, որ իտալական Մ-346 Մասթըր ինքնաթիռը զարգացնում է 1060 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 13.700 մետր է, թռիչքի առավելագույն հեռավորությունը՝ 2700 կմ։ Մարտական բեռնվածությունը՝ 3000 կգ։ Անձնակազմը 2 հոգի է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *