Համազգեստը պարտավորեցնող է, մանավանդ երբ դուրս ես գալիս զորամասից. Ռազմինֆոն հետևում է իր հարցազրույցների հերոսներին

6 ամիս առաջ Ռազմինֆոն սկսեց հեղինակային շարք՝ հարցազրույցներ զորակոչիկների հետ։ Այս օրերին մեր զրուցակիցներն արձակուրդում էին, ու մենք նրանց հետ զրուցելու պահը բաց չթողեցինք։ Ներկայացնում ենք, թե ինչպես են փոխվել նրանք ծառայության ընթացքում։

Այս անգամ մեր զրուցակիցը Էջմիածնից կրտսեր սերժանտ Կարեն Բարոյանն է։ Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը: Մասնագիտությամբ արաբագետ է:

Կարեն Բարոյանը մոր հետ

Կարեն Բարոյանը մոր հետ

Ինչպե՞ս անցավ բանակային առաջին օրը։

Նորմալ էր, հավաքակայանից դուրս եկանք ժամը 11-ի կողմերն ու մոտ կես ժամ հետո արդեն զորամասում էինք (դե մոտ էր էլի)։ Հաջորդ օրն էլ արթնացրին ու տարան համազգեստ ստանալու։ (Ժպտում է)

Համազգեստ հագնելուց հետո շա՞տ բան փոխվեց։

Դե, իհա´րկե, փոխվեց, կոշիկներս ցավեցնում էին ոտքերս, հետո կամաց-կամաց «հարմարվում էինք իրար» (Ժպտում է)։

Համազգեստը պարտավորեցնո՞ղ էր։

Ճիշտն ասած, պարտավորեցնող էր դառնում այն ժամանակ, երբ որ դուրս էինք գալիս զորամասից։ Քաղաքացիական անձանց շրջապատում, տեսակցությունների ժամանակ ու արձակուրդում գտնվելիս ավելի պարտավորեցնող է դառնում, մի տեսակ տարբերվում ես, պիտի քեզ զինվորականի պես պահես:

Ինչի՞ն դժվար հարմարվեցիք։

Անկեղծ ասած, տեղի ջրին ամենադժվարը հարմարվեցի։

Կարեն, ի՞նչ կուզենայիք իմանալ մինչև բանակ գնալը, որ այնտեղ հասկացաք։

Կուզեի ավելի դիմացկուն լինեի նախքան բանակ գնալս թե´ հոգեպես, թե´ ֆիզիկապես։ Զինվորական գործին քիչ թե շատ ծանոթ, կրակելու ունակ..

Ըստ Ձեզ՝ ի՞նչ հիմքերի վրա է բանակում ֆիզիկական պատրաստությունը։

Մեր զորամասում օրը երկու-երեք անգամ ֆիզիկական պատրաստությամբ ենք զբաղվում, շատ լավ է։

Բանակի մասին պատկերացումներն ու իրական բանակը շա՞տ տարբեր էին։

Մինչև չծառայես, համակարգը ներսից չիմանաս, չտեսնես բացերն ու բարեփոխումները, չես կարող իրականում պատկերացնել, թե ինչպիսին է այն:

 

Կարեն Բարոյան

Կարեն Բարոյան

Եթե փորձեք արժևորել այս 6 ամիսները, ի՞նչ եզրակացության կգաք։

Բանակը դարբնոց է եղել ինձ համար ու դեռ կլինի ապագայում՝ հետագա ծառայությանս ընթացքում:

Շա՞տ եք փոխվել։

Իհարկե´, փոփոխություններ կլինեն, ուղղակի ներսում այլ մարդ ես լինում, դրսում այլ ես.. Հասարակության վերաբերմունքը պետք է փոխել, բանակ գնացողինը, որպեսզի մեծամասնությունը միասնականության, հավաքականության ջատագովներ լինեն, ոչ թե ամեն մեկն իր ծառը ջրի՝ ուրիշինը ցամաքելու հաշվին:

Ի՞նչ է տվել այս ընթացքում բանակը Ձեզ, արդյոք ժամանակի կորուստ եք համարում։

Եթե հիշում եք, նախորդ հարցազրույցիս ընթացքում նշել եմ, որ ծառայությունից խուսափելու մասին մեր տանը խոսք չի եղել։ Հետևաբար, իհարկե´ ոչ, ժամանակի կորուստ համարել չի կարելի, որովհետև շատ բաներ ներկայում ասում ենք անիմաստ է, բայց հետագայում հասկանում ենք դրա կարևորությունը։ Նույնը և այս պարագայում  է: Ուղղակի պետք չէ մոռանալ, որ զինվորը ծառայությունից հետո պետք է քաղաքացիական կյանքով ապրի, պետք է իր մասնագիտությանը տիրապետի լավ, իսկ դրա համար բանակում էլ պետք է հարմարություններ ստեղծվեն, որ մարդը ինքնակրթությամբ զբաղվելու ժամանակ ու հնարավորություն ունենա:

Ի՞նչ խուրհուրդ կտաք այս օրերին բանակ զորակոչվող տղաներին։

Ծառայությունն ավելի քան իմաստավորեն և մեկը մյուսին սատար կանգնեն, լինեն իրար և´ եղբայր, և´ ծնող, և´ բարեկամ։

Հարցազրույցը՝ Հասմիկ Մելիքսեթյանի

Կարդացեք Կարեն Բարոյանի առաջին հարցազրույցն այստեղ. Ծառայությունից խուսափելու մասին խոսք չի եղել մեր տանը. Կարեն Բարոյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *