Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը դեկտեմբերի 11-ին հրաման է ստորագրել պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Էլդար Սաբիրօղլուին զորացրելու վերաբերյալ։
Սաբիրօղլուն ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության հետ զրույցում հաստատել է տեղեկությունը։
Հիշեցնենք, որ hոկտեմբերի 26-ից ի վեր լուրեր էին պտտվում Ադրբեջանի ՊՆ կադրային կտրուկ փոփոխությունների համատեքստում նաև ՊՆ խոսնակի հեռացման մասին։ Հոկտեմբերի 28-ին Սաբիրօղլուն հաստատել էր շրջանառվող լուրերը։
Նա ասել էր. «Շուրջ 7 տարի բանակային կյանքից հետո այսօր ես իմ կամքով հրաժարականի դիմում եմ ներկայացրել նորանշանակ նախարարին՝ խնդրելով ստորագրել ԶՈւ պահեստային ուժերը համալրելու վերաբերյալ իմ դիմումը։ Հաջողություն եմ ցանկանում պաշտպանության նախարարությանն իր գործունեության ընթացքում»։
Նշենք նաև, որ հոկտեմբերի 22-ին Զաքիր Հասանովի՝ պաշտպանության նախարար նշանակվելուց ի վեր Ադրբեջանում դժգոհություններ էին սկսվել ՊՆ մամուլի ծառայության աշխատանքի առնչությամբ, քանի որ նշանակումների ու պաշտոնանկությունների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններ և մեկնաբանություններ չէին հնչում. ՊՆ-ն կամ չէր արձագանքում այդ լուրերին, կամ էլ տալիս էր անորոշ պատասխաններ։