Ծառայությունից խուսափելու մասին խոսք չի եղել մեր տանը. Կարեն Բարոյան

Զորակոչի մեկնարկի հետ  Ռազմինֆոն  ներկայացնում է նոր հեղինակային շարք՝ հարցազրույցներ  զորակոչիկների հետ։ Այսօրվա զրուցակիցն է Էջմիածնից Կարեն Բարոյանը։

Կարեն Բարոյան

Կարեն Բարոյան

Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը: Մասնագիտությամբ արաբագետ է:

— Ինչպիսի՞ն է նախազորակոչային տրամադրությունը։

— Նորմալ, գնում եմ բանակ՝ հասկանալով, թե ուր եմ գնում և ինչի համար: Սպասում կա, մի փոքր էլ լարվածություն, բայց վստահ եմ՝ կհաղթահարեմ:

— Ընտանիքում ինչպիսի՞ն է մթնոլորտը։

— Ծնողներս խորհուրդներ են տալիս, մայրս մի փոքր անհանգիստ է, հայրս ծառայել է Զինված ուժերում, ներսից գիտի բանակը, խորհուրդներ է տալիս, արդեն հիմա նախապատրաստում, ընդհանուր տրամադրվածութունը լավ է:

— Ասացիք, որ Ձեր հայրը ծառայել է Զինված ուժերում, այսինքն բանակի մասին պիտի որ ավելի շատ բան իմանաք, քան Ձեր տարիքի մյուս տղաները։

— Հայրս ծառայել է զինված ուժերում 1998-2000թվականներին, իհարկե պատմել է, բազմիցս խոսել ենք այդ տարիների մասին, սակայն շատ բան է փոխվել կարծում եմ: Ընկերներս արդեն ծառայել, եկել են, նրանք են պատմում, խոսում, խորհուրդներ տալիս, նաև համացանցը այսօր կա, կարողանում եմ ինձ անհրաժեշտ ինֆորմացիան ստանալ:

— Զինվորական ծառայության մասին Ձեր պատկերացումներն ինչպիսի՞ն են։

— Զինվորական ծառայությունն, իհարկե, խաղ ու պար չէ: Տեսնում ես դժվարություններ, փորձություններ (ամեն առումով), և՛ ուրախություն, և՛ նեղություն: Կարողանում ես զենքին տիրապետել, աչքիդ առաջ ունենալով թշնամուն՝ գիտակցում ես հայրենիքիդ մի մասնիկը լինելու կարևորույթունը: Մտածում եմ մի քիչ դժվար է ամեն երիտասարդի համար, բայց և շատ անհրաժեշտ:

— Որտե՞ղ կուզենայիք ծառայել։

— Ճիշտն ասած ինձ համար այնքան էլ տարբերություն չկա, բայց կցանկանաի այնպիսի տեղ ծառայել, որ նաև իմ ունեցած գիտելիքով և մասնագիտությամբ օգտակար լինեմ:

— Հայաստանի ո՞ր հատվածում կուզենայիք ծառայել, նախընտրած հատված ունե՞ք։

— Անկեղծ ասած՝ ոչ։

— Ո՞նց եք պատրաստվում հարմարվել բանակում ժամը 6-ին արթնանալուն։

— Շատ եմ մտածել այդ հարցի մասին: Քնում եմ շատ ուշ՝ 2-ին, 3-ին, արթնանում եմ 10.30-11.00-ին.. դե երևի գնալուց առաջ մի երկու-երեք օր բանակային օրակարգով կփորձեմ ապրել, որ կարողանամ այնտեղ սկզբից էլ հարմարվել:)

— Որևէ սպորտաձևով զբաղվե՞լ եք։

— Այո, երկու տարի զբաղվել եմ ձյուդո մարզաձևով 14-15 տարեկան հասակում:

— Բանակում ի՞նչը կուզենայիք փոխվեր։։

— Բոլոր զինվորները գիտակցեին, թե ինչ պարտավորություն ունեն, սպաները նույնպես:

— Ձեզ որպես պայմանագրային զինծառայող պատկերացնո՞ւմ եք։

— Ճիշտն ասած՝ ոչ, հիմա նպատակներիս ու ցանկությունններիս մեջ զինծառայող դառնալը չկա, սակայն ո՞վ իմանա  ։) .. ես կուզեմ իմ մասնագիտական բնագավառում լինել:

— Եթե հնարավորություն ունենայիք բանակ չգնալ, կօգտվեի՞ք։

— Անկեղծ ասած՝ այո: Գիտեմ հիմա շատերն են մտածում, թե մագիստրատուրան հաճախ դառնում է մի տեղ, որտեղ «մտնելով» կարելի է գոնե ժամանակավորապես խուսափել ծառայությունից, սակայն իմ դեպքը մի քիչ այլ կարող էր լինել. ցանկություն ունեի դրսում շարունակել ուսումս, բայց ծառայությունս հենց այս ժամանակ խանգարեց: Եթե հնարավորություն լիներ, կօգտվեի, և մագիստրատուրան ավարտելուց հետո նոր գնայի ծառայության: Իսկ ընդհանրապես զինվորական ծառայությունից խուսափելու մասին խոսք անգամ չի եղել մեր տանը:

— Ո՞ւմ կամ ի՞նչը ամենաշատը կկարոտեք ծառայության ընթացքում։

— Իհարկե, կկարոտեմ ծնողներիս, ինձ հարազատ մարդկանց, ընկերներիս, մեր տունը, ինչո՞ւ չէ՝ նաև համալսարանական տարիներս, կկարոտեմ իմ Մայր Աթոռը… Շատ բաներ կան: Կարծում եմ բանակում հենց ամենամեծ դժվարությունը այդ կարոտը գոնե ժամանակավորապես հաղթահարելն է:

— Բանակում եթե հնարավորություն ունենաք ինչ-որ բան ավելացնելու, ապա ի՞նչ կավելացնեք։

— Կավելացնեմ արդարության, հավասարության չափաբաժինը։ Թե բանակում, թե մեր մյուս համակարգերում կարևոր է օրենքի գերակայությունը, մարդկանց հավասարությունը դրա առջև, մենք միշտ այդ խնդիրը ունեցել ենք այս 20 տարիներին, և հիմա էլ ունենք… Ամեն հրամանատար պետք է հասկանա զինվորի գինը, նրա կարևոր դերը կռվի ժամանակ:

— Ինչպիսի՞ն եք պատկերացնում Ձեզ 2 տարի անց։

— Ընդհանրապես դժվարությունների ու փորձությունների միջով անցած մարդը ավելի թրծված է լինում: Ես էլ բնականաբար անմասն չեմ մնա: Կարծում եմ շատ հարցերին այլ տեսանկյունից ու այլ մտածողությամբ կնայեմ՝ թե՛ միջանձնային հարաբերություններում, թե՛ ավելի ընդհանուր: Մարդկանց հետ շփումը նույնպես շատ բան կտա: Եվ որ ամենակարևորն է հպարտորեն կնշեմ, որ ծառայել եմ մեր հաղթական բանակում (անկեղծ եմ ասում)։

— Ի՞նչ եք պատրաստվում անել երկու տարի անց։

— Շարունակելու եմ ուսումս, հնարավորության դեպքում արտերկրում, եթե չստացվի, ապա Հայաստանում:

Հարցազրույցը՝ Հասմիկ Մելիքսեթյանի

One response to “Ծառայությունից խուսափելու մասին խոսք չի եղել մեր տանը. Կարեն Բարոյան

  1. Pingback: Հայաստանը Երևանով չի սկսվում, այլ սկսվում է մեկ սահմանով ու վերջանում մյուսով. Ռազմինֆոյի հարցազրույցն իր շարքի հերոսի հետ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *