Վրաստանը կարող է փոխարինել իր տանկերը հակատանկային միջոցներով

Վրաստանի պաշտպանության նախարարությունը կարող է վաճառել երկրի զինված ուժերի սպառազինությունում առկա ռազմական տեխնիկայի որոշ տեսակներ, որոնց թվում նաև Տ-55 ու Տ-72 տանկեր, ինպես նաև Մի-8 բազմանպատակային ուղղաթիռներ։

Ըստ ռուսաստանյան Կոմերսանտ թերթի՝ դրանց վաճառքի արդյունքում գոյացած գումարը վրացական իշխանությունները կարող են տրամադրել հակատանկային միջոցներ գնելու համար։

Ենթադրվում է, որ այս եզրակացությանը վրացական իշխանությունները եկել են Վրաց-օսական պատերազմից հետո։ Այն դեպքում, երբ որպես հակառակորդ հանդես է եկել Ռուսաստանը, վրացական զինուժում տանկերի առկայությունն ու քանակը դեր չեն խաղացել։

Ռազմական տեխնիկայից հրաժարվելու պատճառներից մեկն էլ դրանց սպասարկման ու պահպանման համար տրամադրվող գումարի չափն է։ Վրաստանի սպառազինությունում առկա տեխնիկան հիմնականում սպասարկվում ու արդիականացվում է Ուկրաինայում (մասամբ նաև Իսրայելում), ինչը, բացի տեխնիկայի վրա կատարվող բուն աշխատանքից, ավելացնում է նաև դրանց տեղափոխման ծախսերը։

Բրիտանական IISS հեղինակավոր ռազմական վերլուծականան կենտրոնի Military Balance («Միլիթարի բալանս») հանդեսի տվյալներով՝ 2012-ին Վրաստանի զինված ուժերի սպառազինության մեջ եղել է 93 միավոր Տ-72 տանկ ու 17 միավոր Մի-8 ուղղաթիռներ, ևս 3 միավոր Տ-72 ու 23 միավոր Տ-55 տանկեր եղել են պահեստում։ Սակայն վրացական կողմը պաշտոնապես չի հրապարակում սեփական սպառազինությունում առկա տանկերի քանակը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *